Թշնամի ազգեր չկան, ուղղակի վատ մարդիկ կան. Լեւոն Արոնյան
‘Մենք միշտ փորձում ենք մեր խաղում մոռանալ, թե ում հետ ենք խաղում, մարդու ազգության մասին չմտածել’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք հայ շախմատիստների համար դժվար չէ ադրբենջացիների հետ խաղալ: Ըստ շախմատիստի` թշնամի ազգեր չկան, ուղղակի վատ մարդիկ կան: Հարցին, թե որն է ավելի հետաքրքիր Արոնյանի համար հանդես գալ անհատական, թե թիմային պայքարում, պատասխանեց. ‘Ես շատ եմ սիրում մեր թիմը, մեր հավաքականը, բայց շատ է եղել, որ թիմային մրցաշարերում ինձ լավ չեմ զգացել, երբ խաղացել եմ ակումբային խաղերում, քանի որ շատ է լինում, որ մարդկանց հետ հարմոնիա չկա, մեր թիմի մեջ այնքան լավ են միմյանց հանդեպ տրամադրված խաղացողները, որ միշտ մեծ ուրախություն է ինձ համար մեր թիմի մեջ լինելը’: Լրագրողները հետաքրքվեցին նաև, թե գալիք նախագահական ընտրություններում ում կուզի Արոնյանը տեսնել` որպես հաղթող թեկնածու, սակայն շախմատիստը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ ինքը քաղաքական հարցերին չի խառնվում: