25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Դա իմ խաչն է»: Ինչո՞ւ ենք գործում մեղքեր և ինչպե՞ս ենք հատուցում դրանց համար

Պահքի այս շրջանում շատ ենք խորհում մեր մեղքերի մասին: Ինչո՞ւ ենք գործում մեղքեր և ինչպե՞ս ենք հատուցում դրանց համար: Կյանքը մեզ սովորեցնում է, որ ինչ էլ որ անենք, միևնույն է, կրելու ենք դրա հետևանքները, երբ էլ որ լինի:  Հաճախ նման դեպքերի ականատես լինելով՝ ասում ենք, թե Աստված պատժեց: Սակայն արդեն բազմիցս խոսել ենք այն մասին, որ Աստված չի պատժում, քանի որ Աստված ինքը Սեր է: 

Աստված միայն սովորեցնում է մեզ պատասխանատու լինել մեր արարքների համար: Երբ գործում ենք սխալ և ճաշակում ենք դրա դառը հետևանքները, սկսում ենք մեկնաբանել՝ ասելով, թե «դա իմ խաչն է»: Եվ կամ հարցնում ենք՝ Աստված իմ, ի՞նչ մեղք եմ գործել:

Այս հարցը նախ և առաջ պիտի տանք ինքներս մեզ՝ հստակեցնելու մեր գործածը, ճանաչելու մեր մեղքը, ապաշխարելու, թողություն խնդրելու և ներման արժանանալու համար: Սակայն անդրադառնանք նաև մեկ այլ հարցի. ի՞նչ նկատի ունենք՝ փորձության մասին ասելով, թե «դա իմ խաչն է»:

Խաչի մասին մեր պատկերացումները հաճախ թյուր են և իրականությանն անհամարժեք: Խաչը նույնացնելով տանջանքի գործիքի հետ՝ ոչինչ ավելին չենք անում, քան Քրիստոսի ապրած կյանքի, խաչելության ու հարության խորհրդը խեղաթյուրելը: Այո՛, Քրիստոսի երկրային կյանքն ավարտվեց խաչի վրա, սակայն այս խաչը մահվան գործիքից վերափոխվեց՝ դառնալով փրկության և կյանքի խորհրդանիշ: 

«Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար» (Մատթ. 5:10),- ասված է Ավետարանում: Եվ Քրիստոս հենց այս երանելիների շարքում առաջինը եղավ խաչելությամբ: Նրա օրինակը նման չէ մեր ապրած կամ մեր կողմից բերված բազում օրինակներին: Քրիստոս իր գործած մեղքերի համար չէ, որ խաչվում էր, այլ ողջ մարդկության՝ լինելով ամենաարդարը, ամենասուրբը:

«Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. 6:14): Խաչը մեզ համար թող լինի ոչ թե «բեռ», «պատիժ» բառերի հոմանիշը, այլ մեր պարծանքը: Խաչը տեսնելով՝ խոնարհվենք ոչ թե պարտադրաբար, այլ հոժարաբար ու սիրով, չարչարանքները կրենք՝ հանուն արդարության, իսկ մեր սեփական մեղքերի հետևանքները սխալմամբ խաչ չանվանենք:

Qahana.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ