“Տաշիր” հիմնադրամը լրագրողների համար 3 մրցույթ է հայտարարել
“Տաշիր” բարեգործական հիմնադրամը եւ “Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում” (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը հայտարարում են երեք նոր մրցույթ։
Գիտական լրագրության հերթական մրցույթը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր այս տարվա մայիսի 10-ից մինչեւ նոյեմբերի 30-ը ներառյալ տպագիր կամ համացանցային մամուլում, բլոգներում, հեռուստա- եւ ռադիոհաղորդումներով կամ այլ հարթակներում կանդրադառնան Հայաստանում գիտության ոլորտի հիմնախնդիրներին:
Կազմակերպիչների հաղորդմամբ, մրցույթին իրավունք ունեն մասնակցելու սահմանված ժամանակահատվածում առնվազն 10 նյութ հրապարակած հեղինակները, ընդ որում, նյութերը պետք է տեղադրված լինեն համացանցում։
Հաջորդ երկու մրցույթները հայտարարվում են Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Առաջինը գրախոսվող՝ ինդեքսավորվող կամ ազդեցության գործակից ունեցող միջազգային պարբերականներում ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանության մասին գիտական հոդվածների տպագրության համար մրցանակաբաշխություն է:
Եվս մեկ մրցանակաբաշխություն հայտարարվում է միջազգային առաջատար օրաթերթերում, շաբաթաթերթերում, հեռուստա- եւ ռադիոհաղորդումներում, ինտերնետային պարբերականներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի համար:
Վերջին երկու մրցույթների արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր տարվա ապրիլի 20-ին՝ մինչեւ 2015թ.: Յուրաքանչյուր տարվա մրցույթի համար դիտարկվելու են միայն նախորդ տարվա ապրիլից տվյալ տարվա մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված հոդվածները: Մրցանակների արժանացած հոդվածները հաջորդ մրցույթում չեն դիտարկվելու:
Բոլոր մրցույթների արդյունքները կամփոփի “Տաշիր” հիմնադրամի, ՊԳՖԱ-ի եւ ճանաչված միջազգային հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը: