Հորդորում ենք զգուշավորություն դրսևորել Հայոց բանակի և զորականների առնչությամբ գնահատականների հարցում․ Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի ու Արցախի առջև ծառացած հետպատերազմյան ներքին և արտաքին մարտահրավերների, ՀՀ Զինված ուժերի հրամանատարության հայտարարության և ՀՀ վարչապետի արձագանքի առիթով ստեղծված իրադրության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում անդրադարձ կատարելով արցախյան պատերազմին, Հայաստանի ու Արցախի առջև ծառացած հետպատերազմյան ներքին և արտաքին մարտահրավերներին, նաև համակողմանիորեն քննարկելով հայրենիքում տեղ գտնող զարգացումները, մասնավորապես փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի հրամանատարության հայտարարության և ՀՀ վարչապետի արձագանքի առիթով ստեղծված դժվարին կացությունը՝ մեր խորը մտահոգությունն ենք արտահայտում՝
– պատերազմի հետևանքով հայրենիքում տիրող քաղաքական ծանր իրադրության առնչությամբ, որն օրեցօր խորացնում է տնտեսական, սոցիալական և հասարակական խնդիրները, էլ ավելի ծանրացնում բարոյահոգեբանական անկյալ վիճակը,
– առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կատարած քայլերի անարդյունավետության, հասարակական-քաղաքական կարևորագույն հարցերի վերաբերյալ խնդրահարույց դիրքորոշումների առնչությամբ, որոնք հանգեցնելու են նոր պառակտումների, առկա ներքին և արտաքին մարտահրավերների ահագնացման, հայրենիքի ապագայի հանդեպ անվստահության արմատավորման և արտագաղթի՝ լուրջ սպառնալիք դառնալով Հայաստանի անվտանգության և Արցախի հետագա վերականգնման ու առաջընթացի համար։
Անընդունելի ենք նկատում քաղաքական պայքարի շրջանակներում սերմանվող ատելությունը և անհանդուրժողականությունը, փոխադարձ անարգանքն ու հայհոյախոսությունը, քաղաքացիների զգացմունքների շահարկումը, ի հետևանս որոնց նաև երկրի հեղինակազրկումը միջազգային հանրության առջև։
Հորդորում ենք՝
– իրավապահ մարմիններին՝ զերծ մնալ խաղաղ ցույցերի և հավաքների ժամանակ բռնություններից և անհամաչափ ուժի կիրառությունից,
– մեր ժողովրդի զավակներին՝ պահպանել հանդարտություն, վարվել խոհեմությամբ, օրինահարգությամբ և ամենայն պատասխանատվությամբ՝ չդադարելով լինել նախանձախնդիր և հետևողական հայրենիքի շահերի պաշտպանության գործում։
Վերահաստատելով առկա կացության հանգուցալուծման շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտահայտած դիրքորոշումները և օրհասական վիճակի լրջագույն ցուցիչ դիտարկելով հայրենիքի անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայոց բանակի որդեգրած մտահոգ կեցվածքը՝ կոչ ենք անում Ազգային ժողովին և իշխանության մյուս կառույցներին՝ անհրաժեշտ հետևությունները անել և պատասխանատվության բարձր գիտակցությամբ գործել ի սեր հայրենիքի և ազգի՝ նոր հիասթափությունների չառաջնորդելու մեր ժողովրդին հայրենիքում և սփյուռքում։
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և ընդդիմադիր ուժերին՝ նպաստել համերաշխության հաստատմանը և խնդիրների հանգուցալուծումը փնտրել միմիայն համազգային ներուժի համախմբման մեջ՝ հեռու պահելով ժողովրդին հնարավոր բախումներից։
Նաև հորդորում ենք զգուշավորություն դրսևորել Հայոց բանակի և զորականների առնչությամբ գնահատականների հարցում և նպաստել մեր բանակի սրբազան առաքելության արգասավորմանը։
Ստեղծված իրավիճակում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի ամենայն ջանք ի գործ դնել լարված մթնոլորտի լիցքաթափման և ներհասարակական միասնականության ու համերաշխության վերականգնման ուղղությամբ։
Աղոթում ենք ճգնաժամի արժանապատիվ հաղթահարման համար՝ հայցելով Ամենողորմ Աստծուն Իր Սուրբ Աջի հովանու ներքո անվտանգ և խաղաղ պահել հայրենի մեր երկիրը և մեր ժողովրդին»։