Փաշինյանը կարող է ասել` ես չեմ օգտվում, ես ինձ չեմ ճանաչում, բայց փաստը մնում է փաստ
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթի միայն մեկ սկզբունքին եւ ամբողջությամբ չի ընթերցել այն` իր հայտարարության մեջ հղում անելուց առաջ: Henaran.am- ի խնդրանքով անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով պատգամավորը հրաժարվում է զբաղեցնել ԱԺ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, Դավիթ Հարությունյանն ասել է.
”Յուրաքանչյուր խմբակցություն, որոշակի իրավիճակներում կարող է հանձնաժողովում ունենալ մեկից ավելի թվով անդամներ, եւ բնական է, որ այդ դեպքում ամենամեծ ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր խմբակցությունը ինքն է որոշում կայացնում, թե իր մի քանի անդամներից ով կլինի նախագահ կամ տեղակալ”:
Դավիթ Հարությունյանի խոսքով, ԱԺ կանոնակարգ օրենքի մեկ այլ սկզբունքով նախատեսվում է, որ Էթիկայի հանձնաժողովի նախագահի եւ տեղակալի պաշտոնները հաջորդաբար զբաղեցնում են ամենամեծ ընդդիմադիր եւ ամենամեծ ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: “Այն դեպքում, երբ այդ խմբակցություններից յուրաքանչյուրը հանձնաժողովում ունի մեկական անդամ, խմբակցության կողմից ներկայացման անհրաժեշտություն չկա, որովհետեւ պարզ է, որ այլ տարբերակ չկա, իսկ եթե կան մի քանի անդամներ, որոնք ներկայացնում են այդ խմբակցությունը, ապա բնականաբար, խմբակցությունը պետք է նշի, թե որն է այն անդամը, որը պետք է զբաղեցնի համապատասխան պաշտոնը”:
Դավիթ Հարությունյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ զբաղեցնում է այդ պաշտոնը, որովհետեւ կա ՀՀ ԱԺ նախագահի` օրենքին համապատասխան տրված կարգադրությունը: “Անկախ նրանից, նա ինչ կհայտարարի, նա այդ պաշտոնով նախատեսված իրավունքներից օգտվելու է: Նա կարող է ասել` ես չեմ օգտվում, ես ինձ չեմ ճանաչում… Ամեն ինչ կարելի է ասել, բայց փաստը մնում է փաստ”,-Henaran.am- ի հետ զրույցում շարունակել է Դավիթ Հարությունյանը: Նա նաեւ հավելել է, որ օրենքը ԱԺ ՀԱԿ խմբակցությանը անձերի փոփոխություն իրականացնելու հնարավորություն է տալիս:
Հիշեցնենք, որ իր հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է զբաղեցնել Էթիկայի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը եւ նշում է, որ Հովիկ Աբրահամյանի համապատասխան կարգադրությունն ստորագրվել է “ԱԺ կանոնակարգ” օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետի կոպիտ խախտմամբ` առանց Հայ ազգային կոնգրեսի խմբակցության կողմից իր ներկայացման: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը միեւնույն ժամանակ հայտարարում է, թե մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին: