ՀԱԿ-ը կդիմի Ռոմպոյին
Այսօր կայացել է Հայ ազգային Կոնգրեսի խմբակցության նիստ, որում քննարկվել են “Հարսնաքարի” դեպքերի հետեւանքով ստեղծված վիճակը եւ այդ կապակցությամբ կատարվելիք քայլերը, որոնք համահունչ կլինեն հասարակական ընդվզմանը:
Նիստում որոշվել է նախաձեռնել արտահերթ նստաշրջան` դեպքերի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով:
Նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ խմբակցություններին առաջարկվել է վաղը Հայաստան ժամանող Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին մեկական գրավոր հարցում ներկայացնել, նիստում որոշվել է դիմել պարոն վան Ռոմպոյին հետեւյալ հարցով.
“Հարգելի պարոն վան Ռոմպոյ.
Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անունից ողջունում եմ Ձեր այցելությունը Հայաստան: Հայ ազգային կոնգրեսը կարեւորում է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությունը` հանուն ժողովորդավարական արժեքների:
Հարգելի պարոն նախագահ.
Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծված է այն քաղաքական ուժերի դաշինքի հիման վրա, որոնք 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ սատարեցին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: 2008 մարտի 1-ին իշխանությունները դիմեցին ուժի կիրառմանը, նպատակ ունենալով բռնությամբ ցրելու ընտրությունների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցուցի դուրս եկած հարյուր հազարավոր մարդկանց:
Իշխանությունների կողմից հրազենի կիրառման հետեւանքով զոհվեց 10 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Եվրոպական Միությունը դեպքերից անմիջապես հետո, 2008 թվականի մարտի 4-ին եւ 12-ին, հայտարարություններ արեց, պահանջելով սպանությունների անաչառ քննություն: Սակայն մինչեւ օրս, դեպքերից ավելի քան չորս տարի հետո, մարտիմեկյան սպանությունները բացահայտված չեն, որեւէ մեկին սպանությունների առնչությամբ մեղադրանք չի առաջադրված:
Արդյո՞ք Եվրոպական միությունը մտադիր է հետեւողականորեն պահանջել վերը նշված հայտարարություններում, ինչպես նաեւ Եվրոպական Միության այլ փաստաթղթերում առաջադրված պահանջների կատարումը` մարտիմեկյան սպանությունները բացահայտելու վերաբերյալ
Լեւոն Զուրաբյան ԱԺ “Հայ ազգային կոնգրես” խմբակցության ղեկավար”: