106 մարմինն անճանաչելի են, 11 մարմնի մոտ կան փաստաթղթեր, ու իրենց կարող է ճանաչեն. Արսեն Ղուկասյան
Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին։
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից էլ հայտնել են, թե ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել, ու դիերը հայկական կողմին են փոխանցվել արտաշիրմումից հետո:
Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը հայտնեց, որ այդ լուրն իմանալուն պես գիշերը Վարդենիսից շարժվել են Արցախ, լուսադեմին եղել Ստեփանակերտում՝ ճշտելու, թե ինչպես է դա եղել:
«Ուրեմն՝ էդ 106 մարմինն արդեն բերված ա, քննչական աշխատանքները կատարված են: Արդեն պատրաստվում են․․․, մի մասն արդեն ուղարկել են դեպի Հայաստան, մի մասը՝ հես ա, որոշակի գործողություններից հետո կուղարկեն Հայաստան:
Բոլորն անճանաչելի են, 11 մարմնի մոտ կան փաստաթղթեր, առկա են փաստաթղթեր, էդպես կարող ա իրանց ճանաչեն»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
Վերջինիս խոսքով՝ այսօր կամ վաղը հայկական կողմից մի անձ պետք է մատնանշի հակառակորդի մարմինների տեղը, որ նրանք էլ իրենց դիերը տանեն․ «Իրանց տվածի դիմաց մերոնք էլ մի բան տան»:
Արսեն Ղուկասյանը նաև նշեց, որ 11 մարմնի մոտ տարբեր փաստաթղթեր են հայտնվել՝ զինգրքույկ, վարորդական վկայական, զրահաբաճկոնի թիվ և այլն:
«Առաջինը՝ զրահաբաճկոն՝ շարքային Գևորգյան Ա.Մ., կապույտ Samsung A10: Մկրտչյան Գոռ Սամվելի, 27.09.1981թ.: Ավետիսյան Արսեն Արկադիի՝ Ստեփանակերտից: Ասլանյան Արամ: Ավագյան Մանուկ Ավետիսի՝ զինգրքույկ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր: Տրակտորի պրավա- էդ ա էդ մարմնի մոտից հայտնաբերվել: Խաչատրյան Սամվել, Արցախ բանկի քարտ, 1699 կոդ, էդ մարմնի կոդն ա, որ ստեղի մորգում տվել են: Ուրեմն՝ էս 1710 կոդի մոտ՝ Nokia հեռախոս, սև, կնոպկով, էդքան բան է դրա մոտից եղել: Սարգսյան Էդուարդ Արմենի, վարորդական վկայական: Շեկոյան Արթուր Վոլոդյայի: Մեկ էլ զինգրքույկ ա, NK 080909 զինգրքույկ, գրառումը չի երևում»,- ասաց Արսեն Ղուկասյանը՝ նշելով, որ, եթե երեկոյան նորություններ լինի, կհայտնի ուղիղ միացմամբ: