Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառելու. ԱԳ նախարար
Վիճակն, անշուշտ, շատ բարդ է, և մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի, ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
«Դա հեշտ հարց չի, որովհետև սա աշխարհաքաղաքական իրավիճակի ընդհանուր արտացոլումն է։ Մենք պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա, որը կբերի նաև Հայաստանի շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը», – ասաց նախարարը։
Անդրադառնալով Կարսում տեղի ունեցող զորավարժություններին՝ նախարարան ասաց, թե ցանկացած զորավարժություն մտահոգության առիթ է տալիս։
«Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ ենք տեսնում։ Դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ինչ-որ ուղերձներ հասցնել, բայց հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը, կարծում եմ՝ ժամանակն է եկել, որ մենք ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, այլ նախևառաջ՝ գործողություններով», – ասաց Այվազյանը։
Նա նշեց նաև՝ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառել։
«Ինչպես գիտեք դա կապված էր Արցախի ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով։ Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում», – ասաց Արա Այվազյանը։