Մի ուխտագնացության պատմություն, կամ երբ սահմանապահ են վանքերը
Կեսօր էր, երբ հասանք սահմանամերձ Պրիվոլնոյե գյուղ: Ճանապարհին կային ռուսական գյուղեր, որտեղ ռուս բնակիչները հայ իրականության մեջ փորձում են իրենց ազգային դիմագիծը պահպանել: Գյուղերի անվանումները ևս ռուսաբույր էին: Առաջին անգամ էի այս տարածաշրջանում, և հետաքրքրությանս հետզհետե գումարվում էր տարօրինակ մտահոգություն: Մտքերս խառնվում էին իրար և հանգուցավորվում, երբ հայկականության կնիք ունեցող արժեքներն կարծես ակնհայտորեն «խլվում և կամ յուրացվում են»:
Հերթական մեր ուխտագնացությունն էր Լոռու մարզի սահմանամերձ, այս անգամ դեպի Պրիվոլնոյե գյուղի դժվարանցանելի անտառների մեջ թաքնված Խուճապի վանք: Գուգարաց թեմի երիտասարդաց թևի ոչ մեծ կազմով, «Պրիվոլնոյե» սահմանապահ ուղեկալի պայմանագրային զինծառայողների, փոխգնդապետ Նվեր Պետրոսյանի ուղեկացությամբ և հոգևոր առաջնորդությամբ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, ուխտի ճանապարհին էինք դեպի Խուճապի վանք: Ճանապարհը, որ ձգվում էր ճահճոտ ու մացառոտ անտառներով, աշնանային տեսարանների գունագեղ ու բազմերանգ համադրություններով, թվում էր՝ անվերջանալի, ինչպես և՝ հաճելի. այն ինձ հիշեցնում էր մեծանուն նկարիչների պարզ աշնանային կտավներ, բայց այս աշունը պարզ մեկի ձեռքի գործը չէր…
Տեսարանները պարբերաբար մտովի ինձ տեղափոխում էին դարձյալ սահմանամերձ Ջիլիզա գյուղի Խորակերտի վանք, որտեղ ուխտավորաբար եղել էինք նախորդ տարի և դարձյալ՝ Սրբազանի ու այդ շրջանի սահմանապահ ուղեկալի զինծառայողների հետ: Եթե Խուճապի վանքը մեր սահմաններում է և քիչ թե շատ, թեկուզ մեծ դժվարությամբ, հնարավոր է այստեղ ուխտի գալ, ապա Խորակերտի վանքի մասին առայմժ խոսելն ավելորդ է: Հայ-վրացական սահմանի չնշագծված, չհստակեցված լինելու պատճառով Խորակերտի վանքը կարող է հայտնվել սահմանից անդին: Միգուցե մտքերս ինձ սխալ ուղղությամբ են տանում, սակայն խոսել Արևմտյան Հայաստանի և Վրաստանի տարածքում մեր եկեղեցիների պահպանման մասին, երբ քո սահմանամերձ գյուղերը հսկող, «սահմանապահ եկեղեցին» քեզանից օտարվելու վտանգի տակ է, թվում է անհեթեթ:
Մտքերս ցրվեցին, երբ անտառային նեղ կածանը մեզ հասցրեց Խուճապի վանքի բակ: Լալվար լեռան այս հրաշք վանքը ևս իր ճարտարապետությամբ եզակի ու չքնաղ է անգամ կիսավեր վիճակում` բնությանը ձուլված և խիստ հայկական: Հատուկ մասնագետի աչք պետք չէ ունենալ՝ տեսնելու համար այն բոլոր մանրամասները, հավելված կառույցները, որոնք քաղկեդոնիկ կառույց ստանալու նպատակով հետագայում կառուցել և կամ կցել են 9-րդ դարի այս սրբավայրին: Միասնական աղոթքով և անհատապես ուխտ կապելով վանքում՝ յուրաքանչյուրս փափագ ունեինք այս վանքի կենդանության համար աղոթելու: Սրբազան Հոր հետ վանքի տարածքը ուսումնասիրելուց և միասնական աղոթքից ու շարականներ երգակցելուց հետո ետ դարձանք դեպի ուղեկալ: Վանքի շուրջ մտորումների տպավորության տակ ետդարձի ճանապարհն ավելի կարճ թվաց:
Ուղեկալում մեզ սպասվում էր զինծառայողների ձեռքով պատրաստված տաք կերակուրը, որը նրանք սիրահոժար կիսեցին մեզ հետ` մտքեր փոխանակելով նաև իրենց առօրյայի և մտածումների մասին:
Ուղեկալի զինվորների հետ Սրբազան Հոր ջերմ ու անկեղծ հանդիպումից, հորդոր-խրատական խոսքերից հետո, մենք դարձանք դեպի տուն` սահմանապահ այս վանքը ևս հայության մշտական ուխտատեղի վերատեսնելու նպատակով հնչեցրած աղոթքի իրական հույսով: Ճանապարհին, երբ մտածում էի անցնող օրվա մտահոգություններիս շուրջ հոդված շարադրելու մասին, մտքիս մեջ անընդհատ իր տան մեջ անտեր թվացող, լքված վանքի պատկերն էր, որը միակը չէ մեր սահմաններից ներս, իսկ ականջիս հնչում էին Պրիվոլնոյե գյուղի հայ բնակիչներից մեկի խոսքերը, ով ներկայացնում էր, թե ինչպես տեղի ռուս բնակիչները հաճախում և կիրակիներին էլ մասնակցում են ռուսական եկեղեցում կատարվող արարողություններին: Վերջում էլ հավելեց. «Մեզ մեր աղոթքն էլ հերիք ա, ամենքս մեր Աստվածն ունենք…»:
Վերանորոգել, վերակառուցել, վանքերն ու եկեղեցիները, որպեսզի նորից մնան դատարկ, ճարտարապետության գոհար-նմուշ միայն. պետք չէ, հարկ է վանքի պատերը նորոգելուց առաջ, ներսից վերանորոգվել, վերածնվել, կապվել Երկնայինին, այն ամենին, ինչ գոյություն է ունեցել մեզանից առաջ, այն ամենին, ինչ ստեղծել է մեզ, դառնալ կենդանի տաճար` Աստծո տաճարի մեջ: