22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երեկ զոհերը “միայն” հայեր էին, այսօր` ”միայն” հրեաներ: Արդյոք ո՞վ կլինի վաղը. Ժնեւում քննարկումներ են ընթացել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ս.թ. հունիսի 19-ին Ժնեւում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 20-րդ նստաշրջանի շրջանակներում Ավստրալիայի, Հունգարիայի, Նիգերիայի, Թաիլանդի եւ Ուրուգվայի ներկայացուցչությունները կազմակերպեցին բարձրաստիճան միջոցառում` պաշտպանելու պատասխանատվության սկզբունքի կիրառման հարցում Մարդու իրավունքների խորհրդի կարեւոր դերի ուսումնասիրման նպատակով: Քննարկման կենտրոնում էին պաշտպանելու պատասխանատվության երկու հիմնարար “սյուները”` սեփական ժողովրդի պաշտպանելու պետության պատասխանատվությունը եւ միջազգային հանրության կողմից պետություններին իրենց բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմի հանցանքներից, էթնիկ զտումներից եւ մարդկության դեմ հանցանքներից պաշտպանելու հարցում օժանդակություն տրամադրելու  հանձնառությունը:

Քննարկումների ընթացքում Հայաստանի պատվիրակությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում կարեւորեց պաշտպանության պատասխանատվության սկզբունքը մարդկության անվտանգության համակարգում: Նշվեց, որ հայ ժողովուրդը վերապրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի արդյունքում զոհվեց 1.5 մլն հայ եւ այդ պատճառով Հայաստանը ողջունում է մարդկության դեմ ոճրագործության կանխարգելմանն ուղղված ցանկացած ջանք: Որպես այս առումով դրական փորձի օրինակ նշվեց Հայոց սփյուռքի եւ Հայաստանի միջեւ համագործակցության արդյունքում տասնյակ երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

Անդրադառնալով քննարկվող  հիմնարար “սյուներին”, ՀՀ պատվիրակությունը նշեց, որ 1.5 մլն հայերի կոտորածը պետության` սեփական բնակչությանը պաշտպանելու պատսախանատվության սկզբունքի ձախողումն է, իսկ 2.5 մլն հայերի փրկությունը, Հայաստանի, Հայոց Սփյուռքի եւ հայ ժողովրդի գոյությունը` միջազգային հանրության կողմից պաշտպանելու հանձնառության հաջողությունն է:

Ս.թ. հունիսի 20-ին Լեհաստանի եւ Հունգարիայի ներկայացուցչությունները Ցեղասպանության եւ զանգվածային ոճրագործությունների միջազգային կանխարգելման Բուդապեշտյան կենտրոնի հետ համատեղ կազմակերպեցին Ռաֆայել Լեմկինի հիշատակին նվիրված աշխատանքային քննարկում, որի թեման էր “Լեմկինի անվան մրցանակի սահմանումը ցեղասպանության եւ զանգվածային կոտորածների կանխարգելման համար”:

Քննարկումների ընթացքում Հանաստանի պատվիրակությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադարձավ ցեղասպանությունների կանխարգելման գործում Լեմկինի անգնահատելի դերին: Ցիտվեց Ռ. Լեմկինի հայտնի արտահայտությունը. “Մենք շուտ ենք մոռանում: Երեկ զոհերը “միայն” հայեր էին, այսօր` ”միայն” հրեաներ – բայց նաեւ լեհեր եւ այլ եվրոպացիներ: Արդյոք ո՞վ կլինի վաղը:” Հայաստանի պատվիրակությունը նշեց նաեւ ցեղասպանության կանխարգելման հարցում ներդրում ունեցողներին ՀՀ նախագահի մրցանակի եւ Ցեղասպանության թանգարանի կողմից սահմանված Հայոց ցեղասպանության ուսումնասիրման համար նախատեսված կրթաթոշակի մասին:
Թուրքիայի պատվիրակությունը ի պատասխան հնչեցրեց իր մոտեցումները, որը  բացասական ընդունվեց ներկաների կողմից, որոնք այն գնահատեցին որպես պատասխան ոչ թե Հայաստանի պատվիրակությանը, այլ Լեմկինին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ