Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵՄ մեր գործընկերների և մեր գնահատականները համընկնում են. ՀՀ նախագահ
Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵՄ մեր գործընկերների և մեր գնահատականները համընկնում են: Այսօր զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ իր հբանակցությունների արդյունքները, այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
“Սրանք լավագույն ընտրություններն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բայց դեռևս շատ անելիքներ կան ընտրական գործընթացի հետագա բարելավման ուղղությամբ: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը նոր առաջընթաց գրանցելու 2013 թվականի նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցում”,-նշել է երկրի ղեկավարը:
Հերման վան Ռոմպոյի հետ բանակցություններին անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն փոխհարաբերություններին: “Մենք նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և սեղմ ժամկետներում ավարտել նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունները: Ընթանում են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի բանակցությունները: Մեր ցանկությունն է, որ դրանք հնարավորինս արագ ավարտվեն` լայն հնարավորություններ ստեղծելով մեր երիտասարդների, արվեստագետների, գիտնականների, մարդկանց միջև շփումներն ընդարձակելու համար”,-նշել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին` Հայաստանի բարեփոխումներին սատարելու պատրաստակամության համար եւ նշել, որ դա շատ կարևոր է այդ բարեփոխումների արագ և լիարժեք իրականացման համար: “Պարոն վան Ռոմպոյի հետ մտքեր փոխանակեցինք այդ աջակցության նոր հնարավոր ձևերի մասին: Վերջերս գտնվելով Բրյուսելում՝ մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում ստեղծված ֆինանսատնտեսական լարվածությունը և դրանից դուրս գալու հնարավոր ելքերն էին: Փոքր պետությունների տնտեսությունները հատկապես խոցելի են նման լարումների ժամանակ, և մենք ակնկալում ենք, որ որպես Արևելյան գործընկեր՝ կստանանք այդ դժվարությունները հաղթահարելուն ուղղված աջակցության մեր մասը”,-շարունակել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանը չափազանց կարևորել է Հերման վան Ռոմպոյի այցը եւ հույս հայտնել, որ իր գերծանրաբեռնված օրակարգում ԵՄ խորհրդի նախագահը ժամանակ կգտնի կրկին այցելելու Հայաստան:
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի տրվել է աշխատանքային ճաշ: