Մակունցի՝ իր թեկնածությունը հաստատելը բավարար է նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար. Ղազարյան
Դիվանագետ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«Միջազգային դիվանագիտական պրակտիկայում դեսպանի պաշտոնում այս կամ այն թեկնածու նշանակման գործընթացը կարգավորվում է միջազգային նորմերով և ավանդույթներով, որոնց նկատմամբ պետությունները պետք է ցուցաբերեն հարգանք և պատասխանատվություն։ Այդ համատեքստում դեսպանի նշանակման գործընթացը պահվում է գաղտնի՝ մինչև օրենքով սահմանված կարգով որոշման կայացումն ու պաշտոնապես հրապարակումը։
Այսինքն, նախքան դեսպանընկալ երկրից դեսպանի թեկնածուի մասին ագրեմանի (դեսպանընկալ երկրի նախնական համաձայնության կամ առարկության բացակայության) ստացումը, նշանակող երկրի կողմից դա պետք է գաղտնի պահվի։ Հակառակ պարագայում, դեսպանի հավանական թեկնածուի նշանակման հանրայնացումը, տեղական մամուլում քննարկումները, կարող է դիտարկվել որպես ճնշում դեսպանընկալ երկրի իշխանությունների վրա, ինչը դիվանագիտական նորմերի և ավանդույթների կոպիտ խախտում է։ Չմոռանանք նաև, որ պետական գաղտնիքի հրապարակումը քրեական հանցագործություն է։ Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր հանդիսացող մի անմիտ արարած, ըստ էության, հաստատել է իր՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու մամուլում տարածված տեղեկությունը՝ խախտելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքն ու դիվանագիտական նորմերը։
Միայն դա բավարար է նրան ոչ միայն դիվանագիտությունից հեռու պահելու, այլև նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։
Հ․Գ․ Ժամանակակից հայկական դիվանագիտության խնդիրների մասին խոսելու առիթ կարծում եմ դեռ կունենամ»։