Վարչապետը Ջհանգիրյանի նշանակումով մատ արեց բոլոր նրանց, ովքեր պահանջում են նրա հրաժարականը. Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՎԵՐՋԱՊԵՍ
Իրականացավ կանխատեսելին՝ քաղաքականապես չեզոք իրավաբան, ականավոր գիտնական, բացառիկ անբասիր կենսագրությամբ, հայտնի իր արդարամտությամբ, ընտրակեղծիքների դեմ կյանքի գնով պայքարող, բացարձակապես զերծ կոռուպցիայից, հանուն մարդու իրավունքների, հատկապես խոշտանգումների դեմ անմնացորդ պայքարող, նախկին՝ հանցագործ, թալանչի իշխանությունների հետ որևէ կապ չունեցող, ասկետիկ, համեստ կյանքով ապրող, հայրենիքին անմնացորդ նվիրյալ Գագիկ Ջհանգիրյանը նշանակվեց, ներեցեք ընտրվեց Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ։ Այս նշանակումով վերջնականապես փարատվեց բոլոր կասկածամիտների, ընդդիմադիրների մտահոգությունները, թե իբր վարչապետը փորձում է իրեն հնազանդեցնել դատական իշխանությունը։ Շախմատային լեզվով ասած, վարչապետն այս նշանակումով ևս մեկ անգամ ներեցեք՝ ընտրությունով, մատ արեց բոլոր նրանց, ովքեր պահանջում են նրա հրաժարականը։ Չէ՞ որ ողջ քաղաքակիրթ, ժողովրդավարական, իրավական երկրները կնախանձեին ունենալ այդ մակարդակի մասնագետ-իրավաբան։ Եվ Գագիկ Ջհանգիրյանը՝ որպես նվիրյալ հայրենասեր, մերժել է բոլոր եվրոպական երկրների, ԱՄՆ-ի հրավերները՝ նշանակվելու այդ երկրների բարձր դատական պաշտոններում։ Այս նշանակումով այլևս ոչ մի հանցագործություն, նույնիսկ հանցագործության մասին մտադրություն, հատկապես ուղղված վարչապետին պաշտոնանկ անելու, քննադատելու մասին, խստորեն պատժվելու է։ Կալանավորվելու և տարիներով ազատազրկվելու են բոլոր նրանք, ովքեր կփորձեն վարչապետին մեղադրել պատերազմում պարտության մեջ։ Վերջապես Հայաստանի Հանրապետությունը արդեն մեծ քայլերով գնում է դեպի իրավական պետություն: