17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

”Մեդիա ավտոբուսը” հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոց

«Մեդիա ավտոբուս» նախագծի շրջանակներում Հայաստանում է գտնվում 10 լրագրող ու բլոգեր Թուրքիայից, ովքեր իրենց 10 հայաստանցի գործընկերների հետ կատարել են համատեղ ավտոբուսային շրջագայություն Հայաստանում ու Թուրքիայում:

«Հայ գործընկերներին ճանաչելն ու Հայաստանը տեսնելն իմ մասնագիտական տեսանկյունից շատ կարևոր հնարավորություն է… Հնարավոր չէ երկու երկրների միջև հարաբերություններ հաստատել, քանի դեռ երկու երկրների ժողովուրդներն իրար չեն ճանաչում», – ասաց նախագծի մասնակից անկախ լրագրող Հուսեյն Հայաթսեվերն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին:

Հուսեյն Հայաթսեվերը կարևորեց այն փաստը, որ «Մեդիա ավտոբուսի» շնորհիվ ինքը ոչ թե երրորդ անձանց միջոցով, այլ հենց անմիջական շփումների միջոցով հասկացավ, թե ինչ են մտածում հայաստանցի լրագրողները հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Համատեղ շրջագայության, ինչպես նաև հարևան երկրների մասին իրենց կարծիքներն ու տպավորությունները փոխանցեցին նաև նախագծի կազմակերպիչ Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) փոխտնօրեն Վազգեն ԿարապետյանըՀանրային Ռադիոյի լրագրող ՄերիՄուսինյանը և Թըդեյզ զաման (Today’s Zaman) թերթի լրագրող Օսման Ունալանը:

Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը ներկայացրեց «Աջակցություն Հայաստան – Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում երրորդ ավտոբուսային շրջագայության մանրամասները` նշելով, որ այս նախագծի շրջանակներում արդեն ստեղծվել է 30-40 հոգանոց Հայաստանի և Թուրքիայի լրագրողներինց կազմված խումբ, որոնք մասնագիտական ու մարդկային կապեր են հաստատել: «Երրորդ նախագծի անդամներն արևմտյան Թուրքիա կատարած այցելությունից հետո արդեն Երևանում են: Ծրագրի՝ այցելությունների փուլի ավարտից հետո, հուսով եմ, խմբի անդամները կշարունակեն շփվել և առավելագույնը կօգտագործեն այս ընկերությունն ու կապն իրենց մասնագիտական գործունեության մեջ», – հայտարարեց Վազգեն Կարապետյանը:

Մերի Մուսինյանի խոսքով` այցելության ընթացքում իրենք շատ հետաքրքիր և զարմացնող Թուրքիա են տեսել, իսկ Հայաստանում ավտոբուսից իջնելիս միմյանց մասին ունեին շատ ավելի ճիշտ պատկերացումներ, քան մինչ այդ:
«Քանի որ մենք չունենք պաշտոնական հարաբերություններ, մեզ հետաքրքիր է` ինչպես են մարդիկ մտածում, ու ինչ հնարավորություններ կան ի դեմս նրանց այդ հարաբերություները կարգավորելու համար», – նշեց Մերի Մուսինյանը` հավելելով, որ մտադիր է իր ունկնդիրներին ցույց տալ Հայաստանի ու Թուրքիայի լրագրողների միջև կայացած երկխոսությունը:

Թըդեյզ զաման (Today’s Zaman) թերթի լրագրող Օսման Ունալանը, պատասխանելով հարցին, թե Հայաստանի մասին ինչ են ուզում կարդալ Թուրքիայի քաղաքացիներն, ասաց. «Մեր ընթերցողը Հայաստանի մասին հոդվածներ ցանկանում է կարդալ, հատկապես, երբ Թուրքիայի վարչապետը կամ նախագահը խոսում են դրա մասին… Հայաստանի թեման ավելի շատ խմբագրական տիրույթում է, և անդրադառնում են, երբ կա դրա անհրաժեշտությունը»:

Իր խոսքում Մերի Մուսինյանը նշեց. «Ես չգիտեմ` քաղաքական գործիչները երբ կբացեն սահմանները, բայց գիտեմ, որ ի դեմս մեզ` առաջադեմ և ազատախոս մարդկանց, այդ սահմանը կբացվի մեր մտքերում. մենք կջարդենք մեր մտքում այդ պատը»:

Հուսեյին Հայաթսեվերի դիտարկմամբ` եթե քաղաքական գործիչները քայլ չկատարեն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար, ապա լրագրողների հնարավորությունները շատ ավելի սահմանափակ կլինեն: «Ո´չ ուզում եմ նսեմացնել ո´չ էլ ուռճացնել լրագրողների դերը: Մենք շատ անելիք ունենք, և նախևառաջ այն լեզուն, որով մենք գրում ենք, չպետք է տարածի ատելություն», – ասաց Հուսեյին Հայաթսեվերը:

Օսման Ունալանը կոչ արեց Հայաստանի ու Թուրքիայի լրագրողներին ու հասարակական սեկտորի ներկայացուցիչներին կտրվել բացասական մտածելակերպից, որպեսզի հնարավոր լինի լուծել երկու հասարակությունների միջև եղած խնդիրը:

Իսկ Հուսեյին Հայաթսեվերը վստահ է, որ մեր աշխարհագրական տարածաշրջանը լի է ցավերով, որոնց վերջ դնելու համար պետք է ունենալ ցավերի չափին հավասար մարդկային արժեքներ:

 
 
«Մեդիա ավտոբուս» 
շրջագայությանը մասնակցում են 10 լրագրող Հայաստանից և 10 լրագրող Թուրքիայից: Նրանք հոկտեմբերի 13-19 ավտոբուսով շրջել են Թուրքիայի (Ստամբուլ, Իզմիր, Ֆեթիյե, Անթալիա, Կապադովկիա, Անկարա) և 20-26` Հայաստանի (Դիլիջան, Երևան, Սևանա լիճ, Սիսիան, Գառնի) բնակավայրերով, որի ընթացքում  պատրաստված ճամփորդական նոթերը, տեսանյութերը, հարցազրույցներն ու վերլուծականները հրապարակվելու են հայկական և թուրքակական լրատվամիջոցներում ինչպես նաեւ www.armenia-turkey.net կայքում:

Համատեղ ավտոբուսային շրջագայությունը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացածկոնսորցիումը՝  Եվրոպական միության «Կայունության գործիքի» ֆինանսական աջակցությամբ: 

Կոնսորցիումի անդամներն են` Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ