Սնդիկն այսօր լուրջ մտահոգություն է առաջացրել ողջ աշխարհում. Ա. Գրիգորյան
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նախնական գնահատումը Հայաստանում» ծրագրի ներածական սեմինարը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Հայաստանի Հանրապետությունը 91 այլ երկրների հետ «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան» ստորագրել է 2013 թվականին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում: Կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների տեխնածին ազդեցությունից:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, նշել է, որ մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա լուրջ բացասական ազդեցության, էկոհամակարգերում կենսակուտակման ունակության և մթնոլորտային հեռահար շարժի պատճառով, սնդիկն այսօր լուրջ մտահոգություն է առաջացրել ողջ աշխարհում: «Որպեսզի մեր երկիրը վավերացնի կոնվենցիան, անհրաժեշտ է հետազոտել սնդիկի հիմնախնդիրը Հայաստանում, բացահայտել գերակայությունները, ապա նոր միայն որոշում կայացնել կոնվենցիայի վավերացման վերաբերյալ: Այս խնդիրենրի լուծմանն է միտված այս ծրագիրը, որը թույլ կտա իրականացնել երկրում առկա սնդիկի աղբյուրների գնահատում, սնդիկ պարունակող թափոնների հաշվառում, շրջակա միջավայրի աղտոտվածության ուսումնասիրում, ինչպես նաև սնդիկին առնչվող հարցերի կանոնակարգման իրավական հենքի ստեղծում»,- ելույթում ընդգծել է Արամայիս Գրիգորյանը: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարի, Կոնվենցիայի ընձեռած հնարավորությունը նաև թույլ կտա մեր երկրում ստեղծել համապատասխան հզորություններ` սնդիկ պարունակող լամպերի, էլեկտրոնային սարքավորումների օգտագործման արդյունքում առաջացող թափոնների վերամշակման, վնասազերծման և ոչնչացման հիմնախնդրի լուծման համար:
Իր ելույթում ՅՈՒՆԻԴՕ-ի սնդիկի խնդիրներին առնչվող ծրագրերի համակարգող Լյուդովիկ Բեռնուդեն կարևորել է ծրագրի մեկնարկը մեր երկրում և շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը առաջիններից մեկն է, որ ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան»:
Կոնվենցիայի դրույթների համաձայն` յուրաքանչյուր Կողմ պարտավոր է միջոցներ ձեռնարկել սնդիկի և սնդիկի միացությունների էկոլոգիապես անվտանգ պահման և սնդիկ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ հեռացման համար` հաշվի առնելով Բազելի կոնվենցիայի սկզբունքները: Կոնվենցիան ստորագրած երկրները հնարավորություն ունեն տեղեկատվություն փոխանակելու տեխնոլոգիական նորարարությունների, տնտեսապես և տեխնիկապես իրագործելի սնդիկ չպարունակող այլընտրանքների կիրառման վերաբերյալ: Կոնվենցիան նախատեսում է նաև ֆինանսական մեխանիզմներ` կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներին ֆինանասական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
Սեմինարի ընթացքում բանախոսները ներկայացրել են ծրագրի հիմնական խնդիրները և կոնվենցիայի սկզբունքները, ծավալվել է շահագրգիռ քննարկում տարբեր գերատեսչությունների, գիտահետազոտական ինստիտուտների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: