02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Որդիս զոհվել է, որովհետեւ ֆիզիկապես չի հասցրել իր ապաստարանը պատրաստել․ հաղորդում հանցագործության մասին

Զոհված զինծառայողի հայրը՝ Կարեն Լեւոնյանը, ֆեյսբուքյան գրառմամբ հանցագոծության մասին հաղորդում է ներկայացրել եւ որոշ հարցեր բարձրացրել, որոնք իր մոտ անպատասխան են մնացել։

 Նա, մասնավորապես, գրել է․

«Այսօր կլրանար ժամկետային զինվորական ծառայությանդ 5֊րդ ամիսը, եթե…

Հաղորդում հանցագործության մասին կամ հարցեր, որոնք որդեկորույս ծնողի մոտ մնացել են անպատասխան։

1. Ինչպե՞ս է ստացվել, որ 27.09.2020թ.-ին, պատերազմը սկսվելու պահին, որոշ զորամասերի հրամանատարներ՝ գիտակցելով եւ կողմնորոշվելով այդ իրավիճակում, 1֊2 ամսվա ծառայող նորակոչիկներին պահում են թիկունքում, այդ թվում՝ փակելով բունկերներում, իսկ զորամասերի վայ հրամանատարները, ինչպիսին է՝ Մարտունի 3 զորամասի Չ հրամանատար, Չ գնդապետ՝ Գոռ Իշխանյանը, առաջին իսկ օրվանից՝ ըստ էության ընդամենը 12 օր զորամասում գտնվող, ընդամենը 2 օր ականանետ զինատեսակի մասին լսացած եւ զինվորական ծառայությունում սահմանափակում ունեցող /սրտի արիթմիա՝ բրադիկարդիա եւ տախիկարդիա ախտորոշմամբ/ նորակոչիկին՝ իմ որդուն, ուղարկում է առաջնագիծ՝ կասեցնելու ադրբեջանական ագրեսիան։

2. Ինչպե՞ս է ստացվել, որ զորամասի հրամանատարությունը՝ չապահովելով իմ որդու ականանետային դասակի հերթափոխի փոփոխություն, պատերազմում անընդմեջ 30 օր կռվելուց հետո, որոշում է կայացնում՝ ուժասպառ եւ հյուծված դասակը տեղափոխել պատերազմի՝ այդ օրերի ամենաթեժ մարտերի վայր՝ Կարմիր Շուկայի հատված եւ հրահանգում դիրքավորվել, մարտ վարել, հետո նահանջել, նորից դիրքավորվել՝ մարտ վարել ու նորից նահանջել, կրկին դիրքավորվել՝ մարտ վարել։ Այնպես են անում, որ 5-րդ օրը դասակը չհասցնելով լիարժեք դիրքավորվելու եւ պատսպարվելու համար անհրաժեշտ ապաստարաններ կառուցելու, բռնվում է մարտի եւ թիրախավորվում է թշնամու կողմից։ Իմ որդին զոհվում է միայն այն պատճառով, որ ֆիզիկապես չի հասցրել իր ապաստարանը /блиндаж, щель/ լիարժեք պատրաստել, քանի որ ուժասպառ եւ հյուծված, նաեւ առողջական խնդիր ունեցող, ընդամենը 70 օրական զինվոր էր։

3. Ինչպե՞ս ստացվեց, որ Մարտունի 3-ի պաշտպանական դիրքերից մարտունակ վաշտերը եւ դասակները, այդ թվում՝ իմ որդու ականանետային դասակը, տեղափոխվեցին այլ մարտական դիրքեր եւ թշնամուն հանձնվեց Մարտունի 3-ի հրամանատարական կառավարման դիտակետբունկերը։ /տեսանյութն արդեն քանի օր համացանցում է/

4. Եվ վերջապես՝ ինչպե՞ս ստացվեց, որ ամենաթեժ մարտերի վայրում իմ որդու ականանետային դասակը, ըստ էության մնացել է որեւէ փորձ չունեցող հրամանատարի ղեկավարման ներքո, ով նույնիսկ իմ որդուց ավելի քիչ ժամանակ էր ծառայում ԶՈւ-ում։

Այս հարցերի շարանն անվերջ է։ Կան հարցեր ավելի երկար բովանդակությամբ, կան՝ ավելի կարճ, բայց պատասխանները ԴԵՌ չկան։

Ինչու եմ ընդգծում ԴԵՌ, քանի որ դեռ հույս ունեմ, որ մեր իրավապահներն ի զորու են բացահայտելու դավաճանական հրամանատարական խմբավորումը /ընդհուպ մինչեւ գերագույն գլխավորի/, որի կազմն ակնհայտորեն դավաճանեց Հայրենիքի պաշտպանության համար մարտնչող զինվորին, իսկ հիմա փորձում է ամեն կերպ խուսափել պատասխանատվությունից։

Հ.Գ. Բարձր իրավագիտակցությունը միշտ չէ, որ պաշտպանում է ընտանիքդ։ Եթե ես ժամանակին, օգտագործելով իմ հնարավորությունները եւ որդուս հիվանդությունը, միջոցներ ձեռնարկած լինեի, այդ թվում՝ ոչ օրինական, Լեւոնիս ազատելու զինվորական ծառայությունից, ապա հիմա իմ ընտանիքը չէր մղկտա այս դաժան ցավից»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ