«Արմնյուզը», «5-րդ ալիքը» միայն Երևանում կցուցադրվեն, «Հ2»-ն էլ դուրս մնաց եթերից
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամները հունվարի 15-ին փակ և գաղտնի ռեժիմով բաշխել են հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած ընկերությունների վարկանիշային միավորները, փոխանցում է «Հետքը»:
Առաջիկա յոթ տարում, վարկանիշային քվեարկության միավորների համաձայն, հանրապետական սփռում կիրականացնեն հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի ամենաբարձր միավոր հավաքած 5 հեռուստաընկերություն․
«Արմենիա թիվի»` 713
«Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր մեդիա» հ/ը)` 688
«Շանթ» ՍՊԸ` 680
«A TV»` 670
«Մուլտի Մեդիա Կենտրոն թիվի»` 663
Ըստ այդմ, հանրապետական սփռման ալիքների շարքից դուրս մնացին «Շարկ» ՍՊԸ-ն (5-րդ ալիք), «Հայկական երկրորդ հեռուստաալիքը», «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Մելտեքստ» ՍՊԸ-ն (Ա1+) և Freenews ՍՊԸ լրատվական կայքը:
Մայրաքաքաղաքում կհեռարձակվեն 7 ընկերություն՝ դարձյալ ըստ հավաքած ամենաբարձր միավորների.
«Շարկ» ՍՊԸ (TV 5)` 657
«Արմնյուզ» ՓԲԸ` 613
«Արփի մեդիա»` 542
Freenews` 531
«Դար 21»` 492
«Նոր Հայաստան»` 463
Մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ է բաց մնացել, քանի որ մրցույթի մասնակից «Շանթ սպորտ»-ը չի հավաքել անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը՝ 280-ից այն գնահատվել է 216, և մեկ ամսվա ընթացքում ՀՌՀ-ն նոր մրցույթ կհայտարարի այդ տեղի համար։
Քվեարկության չեն դրվել 1in.am և Հանրային հեռուստաընկերության երկրորդ ալիքի ներկայացրած հայտերը․ մրցույթից առաջ նամակ էին ուղարկել ՀՌՀ և հրաժարվել մասնակցությունից։
Հ2 և Ա1+ հեռուստաընկերությունները, չնայած հավաքած բարձր միավորներին՝ համապատասխանաբար 626 և 545, որոնք կարող էին բավարարել մայրաքաղաքային սփմռան սլոթի համար, դուրս են մնացել, քանի որ դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթին։
Մրցույթի արդյունքները վերջնական որոշմամբ ՀՌՀ-ն կհաստատի ավելի ուշ։
ԱՐ հեռուստաալիքի սփռումը կդադարեցվի․ վերջինս լիցենզիայի համար չէր դիմել։
Հունվարի 14-ին հայտնի էին դարձել հանրային մուլտիպելքեսում մարզային սփռում իրականացնող հեռուստաընկերությունների անունները։