Կամրապնդվի հայ-ռուսական հարաբերությունները
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, “Ռուսհամագործակցություն” դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւին:
Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին եւ վստահություն հայտնել, որ նրա հայաստանյան այցը հագեցած կլինի արդյունավետ հանդիպումներով, որոնք կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթ կրող դաշնակցային հարաբերությունների խորացմամբ եւ այդ ուղղությամբ ակտիվ քայլեր է իրականացնում: Նա նշել է, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը հանգամանորեն քննարկվել են բարձր մակարդակի փոխայցելությունների, այդ թվում՝ անցյալ տարվա աշնանը ՌԴ իր պետական այցի ժամանակ:
Հանրապետության ղեկավարի խոսքով, երկու ժողովուրդների դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունները, որոնք այսօր երկկողմ ձեւաչափից բացի, հաջողությամբ զարգանում են միջազգային կազմակերպությունների, ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում, անհրաժեշտ է ամրապնդել փոխշահավետ ու հեռանկարային ոլորտներում նոր նախաձեռնություններով, համատեղ ջանքերով աշխատել հարստացնել ձեռքբերումներն ու փոխանցել սերունդներին:
Հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորվել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը: ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, “Ռուսհամագործակցություն” դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւի համոզմամբ, երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծ դեր ունեն ոչ միայն քաղաքականությունն ու տնտեսությունը, այլ նաեւ մշակութային, կրթական եւ հումանիտար ոլորտի հետ կապված բոլոր հարցերում սերտ գործակցությունը: Նա նշել է, որ ի պաշտոնե զբաղվում է հենց այդ ոլորտով եւ պատրաստ է հետեւողական աշխատանքով առավելագույն ջանքեր ներդնել՝ նպաստելու համար հայ-ռուսական հարաբերությունների առավել խորացմանը:
Կ. Կոսաչեւն ընդգծել է, որ Ռուսաստանում Հայաստանն ու նրա ժողովրդին ընկալում են որպես բարեկամ, եւ փոխադարձ հարգանքի ու այդ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը վկայում են այն մասին, որ դրանք անընդհատ ռեժիմով զարգանալու մեծ ներուժ ու հեռանկար ունեն:
Կոնստանտին Կոսաչեւի հայաստանյան այցի շրջանակներում նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ինչպես ՀՀ պաշտոնատար անձանց, այնպես էլ հասարակական կազմակերպությունների եւ միությունների ներկայացուցիչների հետ: “Ռուսհամագործակցություն” դաշնային գործակալության ղեկավարն արդեն հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի հետ: Նախատեսված են նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, կրթության եւ գիտության, էկոնոմիկայի, մշակույթի նախարարների հետ հանդիպումներ: