«Փաշինյանը կատարել է ամենամեծ դավաճանություններից մեկը՝ իրականացրել է քեմալական Թուրքիայի դարավոր երազանքը՝ պանթուրքիզմի երազանքը». Էդուարդ Շարմազանով
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթից հետո, հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ստորագրեց երկրորդ եռակողմ փաստաթուղթը, որը վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, որի համար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծվելու է եռակողմ աշխատանքային խումբ։
«Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ. հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:
Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»,- նշված է եռակողմ փաստաթղթում:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ժամանակ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը չի լուծվել, այս մասին հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը։
168.am–ի հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով մոսկովյան հանդիպման օրակարգին և առանց ռազմագերիների հարցը լուծելու երկրորդ եռակողմ փաստաթղթի ստորագրմանը, նշեց, որ «հողատու» Նիկոլ Փաշինյանի հետ որևէ դրական հույս կապելը պարզապես ինքնախաբեություն է։
«Նիկոլ Փաշինյանից մենք ի՞նչ ենք սպասում։ Նա ասում էր, որ գերիների հարցն է կարևոր, մինչև այդ էլ 44 օր ասում էր, թե՝ «հաղթում ենք», նոյեմբերի 9-ին էլ, թե՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են», իսկ դրանից առաջ էլ ասում էր, թե ոչ վիզը ծուռ արտաքին քաղաքականություն են վարելու, աղքատությունը հաղթահարելու ենք, ազգային հարցերը լուծելու ենք, Արցախի հարցը գալու է ժողովրդի հետ քննարկի, սրանցից ո՞ր մեկն է արել։ Նիկոլ Փաշինյանը դասական սուտասան է և քաղաքական դիակ, սա ոչ թե վիրավորանք է, սա փաստի արձանագրում է, նա քաղաքականության մեջ որևէ դերակատարում չունի ո՛չ Հայաստանում, ո՛չ, առավել ևս, արտաքին քաղաքականությունում։
Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն է իր բառապաշարով ասել՝ լպստելով Էրդողանի և Ալիևի կոշիկները, առաջնորդվում է թուրք-ադրբեջանական օրակարգով, ինչ ասում են՝ խելոք կատարում է։ Ադրբեջանը նոյեմբերի 9-ին ինչ դեմ տվեց, այն էլ ստորագրեց, հիմա էլ ինչ դեմ են տվել, այն էլ ստորագրել է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, Ադրբեջանին հայ ռազմագերիների հարցը չի հետաքրքրում, Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ նրանք ռազմագերիներ չեն, այլ դիվերսանտներ ու ահաբեկիչներ են, և այս համատեքստում՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրում է երկրորդ փաստաթուղթը։
Էդուարդ Շարմազանովի բնորոշմամբ, եթե դասական քաղաքականության ու նորմալ մարդու տրամաբանությամբ առաջնորդվեն, ապա Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո պետք է հաջորդ առավոտյան կամ հենց նույն գիշերը ոչ թե բունկեր մտներ ու վրեժի կոչեր հնչեցներ, այլ ասեր, որ տապալվել է, ու հեռանար։ Սա կլիներ նորմալ ու տրամաբանված ճանապարհը։
«Ես ասել եմ, որ, երբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 9:1 պարտվեց Իտալիային, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն այնքան նամուս ու թասիբ ուներ, որ հրաժարական տվեց։ Բայց քանի որ Նիկոլն իր աթոռից ավելի շատ որևէ բան չի սիրում՝ ինչպես Պարույր Սևակն է ասում՝ ո՛չ հայրենիք է սիրում, ո՛չ ընկերություն, ո՛չ Արցախ, կառչել ու սոսնձվել է այդ աթոռից։ Նրան պետք է հեռացնեն քաղաքական ուժերը, մտավորականությունը, հասարակությունը, պետք է պայքարը շարունակել ու նրան հեռացնել։ Նրա կառավարման դեպքում որևէ լավ բան սպասելն անթույլատրելի է։ Ի՞նչ է նշանակում տրանսպորտային ճանապարհներ բացելը, հայությունը երազել էր, հա՞, Նախիջևանով գնալ Մեղրի, հիմա Գորիսից Կապան շատ են կարողանում գնալ, ուր մնաց՝ Նախիջևանով։ Նիկոլ Փաշինյանը երեկ կատարել է ամենամեծ դավաճանություններից մեկը, որը հնարավոր էր՝ իրականացրել է քեմալական Թուրքիայի դարավոր երազանքը՝ պանթուրքիզմի երազանքը։ Նա իր ստորագրությունը դրել է, որպեսզի Հայաստանի սահմանով թուրքն ու ադրբեջանցին կապ հաստատեն իրար հետ»,- հավելեց նա։
Նրա համար զարմանալի է, թե ինչու են հրճվում Նիկոլ Փաշինյանի թիմակիցները՝ նշելով, թե Մոսկվայում դիվանագիտական հաջողություն գրանցեցին, մինչդեռ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը կատարեց թուրքերի պանթուրքիզմի երազանքը։
Շարունակելով միտքը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ 20 տարի է՝ իր ուսանողներին ասում է, որ Հայաստանը սեպ է՝ խրված պանթուրքիստական պետությունների մեջ, և այդ ճանապարհից հրաժարվեց նույնիսկ Խորհրդային Հայաստանը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը ստեղծեց այդ կամուրջը, որը բացվելու դեպքում, Անկարայից մինչև Չինաստան, թուրքական աշխարհը նեոօսմանիզմի ծրագիրն է իրականացնելու։ Հետևաբար, այսօր, բացի Նիկոլ Փաշինյանից, նաև Էրդողանին ու Ալիևին է ձեռնտու, որ նա մնա Հայաստանի ղեկավար:
«Այսքանից հետո ասում է, թե ինվեստիցիոն միջավայրը լավ կլինի․ հայրենիքը տվել է, որ ինվեստիցիոն ճանապարհը լավ լինի՞, թող ինքն իրեն ծախեր, չնայած նրա գինը ի՞նչ պետք է լիներ, զրո լումա։ Ու այսքանից հետո սրանք հրճվում են։ Բացեք Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմավարությունները, տեսեք՝ իրենք ինչ նպատակներ ունեն։ Այդ հայտարարության մեջ նույնիսկ Արցախի կարգավիճակի մասին խոսք չկար, հայկական շահերը սպասարկող նույնիսկ մեկ բառ չկար։ Պարտությունն էլ է ազգի ու մարդու համար, չի եղել մեկ ազգ, որը միշտ հաղթել է, բայց պարտությունն էլ կարելի է արժանապատվորեն տանել։ Այդ անմեղսունակը մնացել է՝ ի՞նչ անի, պարտությունը պարտության հետևից բերի՞։ Նիկոլը Արցախը որպես պետություն ոչնչացրեց, հիմա էլ Հայաստանն է ոչնչացնում։ Հայաստանը սուբյեկտից դարձել է օբյեկտ, գործոնից դարձել է գործիք, լավ, էլ ինչպե՞ս ասեմ, որ սրանք հասկանան։ Ապագա սերունդները մեզ անիծելու են, ասելու են՝ դուք մեշոկով կարտոշկա՞ էիք, թե՞ հասարակություն, ընդդիմություն, ազգային մտավորականություն, որ սրան թողել եք իշխանության։ Սա ի՞նչ իրավունք ունի գնա ու նման բաներ անի, սա մեր ամբողջ հայկական երազանքն է տանուլ տվել»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։
Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Ալիևը ռազմագերիներին չի տալու, մինչև Նիկոլ Փաշինյանն այլ զիջումների չգնա, նոր սահմանազատումներ անի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվի, և այլն։ Նա վստահ է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ապա երկու տարի անց թուրքերը Երևանում կնշեն Աթաթուրքի կամ Էրդողանի ծնունդը, ու իշխանությունն էլ թուրքի հետ քիրվայություն կանի։
«Այսօր ամենավտանգավորը նրանք են, որոնք արդարացնում են այս անմեղսունակի արածները։ Ներկա ու նախկին են անում, դուք նախկինների եղունգն արժե՞ք։ Բոլոր նախկիները՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ մինչև Սերժ Սարգսյան, թուրքին հաղթել են։ Այդ մեղսունակը մայիսի 9-ին ո՞ւր է գնալու, մեր ամբողջ պետության երազանքը Շուշիի ազատագրումն է եղել, մայիսի 9-ին ի՞նչ է տոնելու։ Հայ ժողովուրդը հասկանում է՝ մենք ինչ օրեր ենք ապրում, ու դեռ նախկին ու ներկա է անում, մեկն ասում է՝ Վազգեն Մանուկյանի պրիչոսկեն դուրը չի գալիս, մյուսը՝ Գեղամ Մանուկյանի ելույթը, մյուսի համար՝ միտինգում Շարմազանովի ներկայությունը, Աշոտյանի հարցազրույցը։ Մենք սրան ժառանգել ենք եռատոն, ինքը բանակը սարքեց էռատո ու կզեց թուրքի առաջ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։