«Կկարգավորվեն Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները». Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալիացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Բաքվին ցուցաբերած աջակցության, եռակողմ հայտարարության ու հետպատերազմյան զարգացումների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ Անկարան Բաքվին օգնել է՝ ելնելով «մեկ ազգ, երկու պետություն» իրողությունից։ Անկարան աջակցում է Ռուսաստանի միջամտությամբ ստորագրված հայտարարությանը:
«Այս պայամանգրից հետո Ադրբեջանի որոշած տեղերում համատեղ մշտադիտարկման կենտրոն ենք կառուցում: Դիտարկման կենտրոնների նպատակը հրադադարը վերահսկելը և խախտում լինելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելն է: Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի խախտի հրադադարը,- ասել է Չավուշօղլուն ու ավելացրել,- Վերջապես մենք էլ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կկարգավորենք: Ե՛վ Թուրքիա-Հայաստան, և՛ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները կկարգավորվեն: Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը տարածաշրջանում գտնվողներից ամենաշատը կօգտվեն այդ կարգավորումից: Այդպիսով կարող ենք Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն և կայունություն ստեղծել»: