Նիկոլայ Ծատուրյանն ուզում է Սերգեյ Դանիելյանին “սպանել”, հենց տեսնում է Մեծ մամե-ի դերում
ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը եւ դերասան Սերգեյ Դանիելյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան Սահմանադրության օրվան: Սերգեյ Դանիելյանը /Յոժը/ շնորհավորեց ներկաներին ու ասաց, թե էլ ասելու բան չկա: Մյուս բանախոսը կարեւորեց սահմանադրության ընդունումը եւ նշեց, որ մնում է ՀՀ սահմանադրությունը իսկապես կյանքի կոչվի եւ քաղաքացիներն իրենց պաշտպանված զգան:
Բանախոսներն անդրադարձան նաեւ եթերը մաքրելու` նախագահին ուղղված մտավորականների դիմումին: “Ցանկությունը լավն է, ես էլ կուզեի մասնակցել էդ ամենին, բայց ձեւը սարսափելի վատն է: Նախագահն ինչ է, բան ու գործ չունի, որ պիտի ամբողջ օրը նստի եթեր նայի: Երկրորդ, եկեք թացը չորից զատենք, որ չդառնա ցեխ: Զտելը, անաղարտ պահելը պետք է վերաբերվի պետական ալիքին, որը ոչ կոմերցիոն է: Արդյոք իրենք զբաղված են մեր ազգայինը ներկայացնելով: Չեմ կարծում”,-ասաց Սերգեյ Դանիելյանը:
Ըստ նրա , օրինակ “Իքս ֆակտոր” հաղորդումը պետք է Հանրայինն աներ, որ պրոպագանդեր երաժշտությունը: Ինչ վերաբերվում է եթերում երեւացող կրիմինալին, ապա ըստ Դանիելյանի, պետք է սահմանել, թե երբ կարելի է նման բան ցուցադրել, որ ժամերին: Սերգեյ Դանիելյանի խոսքով, հարց է նաեւ թե ով պետք է մաքրի եթերը: Նրա խոսքով, կոմունիստական ձեւով այդ հանձնաժողովում ընդգրկված են ”մի սոցիոլոգ, մի կթվորուհի”:
“Ես շատ գոհ եմ մեր հեռուստատեսությունից, նա ամեն ինչ արեց, որ ինտելիգենցիան նայի “Discovery”, “Animal Planet”, ռուսական ալիքները: Մեկ-մեկ մատս կպչում է հայկական ալիքներին, ես ուղղակի սոսկում եմ”,- նշեց Նիկոլայ Ծատուրյանը:
Սերգեյ Դանիելյանի գործունեությանն անդրադառնալով, նա նշեց. ”Հենց որ իրեն տեսնում եմ մեծ մամեի պուճուր տատիկ կերպարում, քիչ է մնում բռնեմ սպանեմ: Դա մեյմունություն է: Ես ոչ մի բանին դեմ չեմ, թող կոմերցիա էլ լինի, բայց ամեն ինչ իջել է “տաբուրետկայից” ցածր մակարդակի: Ինձ համար կարեւորը միտքն է ու զգացմունքը”: Նիկոլայ Ծատուրյանը համամիտ չէ Սերգեյ Դանիելյանի այն տեսակետի հետ, որ եթերի զտումը նախագահի գործը չի: Նրա համոզմամբ, պետք է պետական մոտեցում լինի:
Արձագանքելով ընդդիմախոսի դիտարկմանը, Սերգեյ Դանիելյանն ասաց, թե իր դերը խաղում է “մաքսիմալ ազնիվ ու մաքսիմալ պրոֆեսիոնալիզմով”, իսկ դա մեյմունություն է, թե ոչ, դա, ըստ նրա, Նիկոլայ Ծատուրյանի կարծիքն է:
Սերգեյ Դանիելյանը հայտարարեց նաեւ, որ եթերի մաքրման մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ “Շանթ”-ի ռեյտինգը “Որոգայթ” սերիալի շնորհիվ բարձրացավ, հիմա էլ` “Անծանոթ”-ն է ռեյտինգ հավաքում:
Սերգեյ Դանիելյանը նաեւ հայտարարեց, թե հասարակական ագրեսիան միշտ եղել է եւ սերիալները որեւէ նշանակություն չունեն: