Կորչեն “Ֆեյսբուքի” ախրանիկները
Սովորույթի համաձայն, ընկերներիս շնորհավորեցի հուլիսի 5-ի` Սահմանադրության օրվա առթիվ, եւ ինչպես ակնկալում էի լրագրող Վարդուհի Սիմոնյանը ասաց. “Ազիզ, շնորհակալ եմ, բայց ինչ Սահմանադրական իրավունք, երբ “Ֆեյսբուք”-ում էլ ախրանիկներ կան”: Բնականաբար, շնորհավորանքս վերածվեց զրույցի:
“Ֆեյսբուքյան “ԵԼՔ” խմբի իշխանությունը երեկ մոտ 6 ժամով գրավել են. Սեւանա լճի պատկերի տակ թաքնված ֆեյկը նստել է ադմինիստրացիայում եւ ջնջել իրեն ոչ հաճելի գրառումները”,-Henaran.am-ի ասաց “ԵԼՔ” նախաձեռնության հեղինակը:
Այն հարցին,թե արդյոք գողն իր հետ “տարել” է նաեւ “ԵԼՔ”-ի նախաձեռնած Վանո Սիրադեղյանի ստորագրահավաքի արձանագրությունը,Վարդուհին պատասխանեց. “Ֆեյսբուքի ախրանիկների խելքն այնքան կտրուկ չի , որ հասկանան, թե քանի տեղ ենք մենք արխիվացնում այդ փաստաթուղթը, թող ջնջեն, իրենց թվում է դրանից մի 100 օրինակ չունենք:
Ես այս նախաձեռնությունը սկսելիս հաշվարկել եմ էս բոլոր շարժերն, ի վերջո, մենք մի սովորական մարդու իրավունքի պաշտպանություն չենք նախաձեռնել,այլ՝ Վանո Սիրադեղյանի, մի մարդու, որի վերադարձը գաղտնազերծում է լինելու անցած 20 տարում երկրի միսը կերած բոլոր ֆիգուրների համար”:
Իհարկե, Վանոյի վերադարձի ստորագրահավաքն ահագին մեծ աղմուկ հանեց թե’ վիրտուալ, եւ’ թե իրական դաշտում, սակայն այսօր արդեն “ԵԼՔ” խմբի հիմնական գրառումները պտտվում են “Հարսնաքարի” շուրջ: Վարդուհին դեմ չէ երկրում ծավալվող այս նոր շարժմանը:
“Շատ ոգեւորված եմ, երեկ էլ` այնտեղ էի` Ազգային ժողովի դիմաց. ես ընդամենը 10-ը արդար մարդու հետ պատրաստ եմ օրուգիշեր մնալ Երեւանի փողոցներում այն հույսով, որ մեր երկիրն ի վերջո ադեկվատ լինի քաղաքակիրթ աշխարհի այսօրվա օրակարգին, մնացած ամեն ինչ համարյա զազրախոսություն է սրա կողքին: Ու դրա համար էլ ինձ չի ոգեւորում քաղաքական նպատակահարմարության սհաթը, կեցցե-կորչի-ուռռայի բոլոր դրսեւորումները:
Ես վախենում եմ, որ անկախության 20-րդ տարում իմպերատիվը ոչ թե օրենքի տառն է , այլ դրա բարի կամ չար ոգին կամ օրվա կուրսով դրա մեկնությունը:
Ես վախենում եմ, որ մի “ռոմանտիկ” փոխգնդապետ պայթուցիկներով որոշում է կրկնել նախորդ դարասկզբի վրիժառուների սխրանքը եւ սրան հերոսացնելու կոչեր են տարածվում մայրաքաղաքում: Իսկ եթե ավելի անկեղծանամ, կասեմ, ինձ ամենաշատը սարսափեցնում է այն վտանգը, որ մենք կարող է մսխենք մեր վերջին ռեսուրսը՝ մեր պայծառ երիտասարդների հույսը՝ նրանց թամաշա կամ քաղաքական միս սարքելով: “ԵԼՔ”-ը մեկն է՝առանց կուսակցական պոզերը ցցելու, առանց անձնական հախուհաշվի կանգնել հենց միայն հանուն այդ հույսի”,-ասաց Վ. Սիմոնյանը: