Գերանդին պատին է դեմ առել, իսկ դանակը` ոսկորին…
“Քաղաքական կացությունը ես այսպես կներկայացնեմ: Ժամանակն է եկել, որ մենք իրար հրաժեշտ տանք, բայց ուրախ կլինեի, որ այդ հրաժեշտը լիներ քաղաքակիրթ ձեւերով: Ընդհանրապես նման դեպքերում երկու ձեւով է լուծվում հարցը վերեւից եւ ներքեւից: Ես կուզեի, որ այս հարցը լուծվեր եւ ներքեւից, եւ վերեւից”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է դերասան վարդան Պետրոսյանը` անդրադառնալով “Հարսնաքարի” միջադեպին:
Դեպքը նա ամենաթողության հետեւանք է համարել ու հայտարարել.”Վերջին դեպքից հետո մարդիկ հասկացան, որ գերանդին պատին է դեմ առել, իսկ դանակը` ոսկորին:”
Վարդան Պետրոսյանի դիտարկմամբ, տեղի ունեցածը պատահականություն կամ բթության արդյունք չէ: “Ինչ-որ բան արատավորված է մեր համակարգում, անպատժելի արարքներ են տեղի ունենում և դառնում սովորական”: Վարդան Պետրոսյանը նշել է, որ կան բաներ, որոնց երգիծական ժանրում չես կարող անդրադառնալ, մանավանդ, երբ վերքը դեռ թարմ է, սակայն այդ ողբերգական իրադարձությանն ընդհանրապես չանդրադառնալն իր համար ինքնախաբեություն կլինի:
Իր նոր մոնոներկայացման` “Պարոնայք 50-50”-ի սցենարում “Հարսնաքարի” դեպքերից հետո դերասանը որոշ փոփոխություններ է մտցրել: Այստեղ անդրադարձ կա նաեւ վերջին դեպքերին:
Անդրադառնալով Սահմանադրության օրվան, դերասանն ասել է, որ ուզում է մի օր ապրել այնպիսի երկրում, որտեղ Սահմանադրությունն իրագործվում է: