Դավիթ Շահնազարյանն էլ ՀԱԿ-ին հաջողություն ասաց
Henaran.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀԱԿ առաջնորդի եւ Դավիթ Շահնազարյանի միջեւ “սեւ կատու” է անցել այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ռեւերանսներ սկսեց անել ԲՀԿ առաջորդի հետ:
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել ՀԱԿ-ից: Henaran.am-ի հետ կարճ հեռախոսազրույցում Դավիթ Շահնազարյանը հաստատեց այս մասին տեղեկությունը:
“Ես “Ազատություն” ռադիոկայանին հարցազրույց եմ տվել եւ առաջիկա մի քանի օրերին մամուլում որեւէ մեկնաբանություն անելու կամ ավելացնելու բան չունեմ”,-Henaran.am-ին ասաց Դավիթ Շահնազարյանը:
ՀԱԿ արդեն նախին անդամն “Ազատություն” ռադիոկայանին ասել է հետեւյալը. ”Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, եւ ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում”:
“Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչեւ ընտրություններ Հայաստանում կար երկբեւեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բեւեռի փոփոխությունը, եւ այդ տեղը զբաղեցնում է արդեն “Բարգավաճ Հայաստանը”, որը ինքն իրեն համարում է այլընտրանքային եւ բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու”, – “Ազատությանն”հետ զրույցում նշել է Դավիթ Շահնազարյանը՝ շարունակելով. – “Երկրորդ՝ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ “Բարգավաճ Հայաստանը”, ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետեւ շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը”:
Այս ամենից ելնելով Շահնազարյանը եզրակացրել է.”Այսօր մենք ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն”:
“Մյուս առանձնահատկությունը. ամբողջ այս ընտրական գործընթացի արդյունքում ձեւավորվեց մի մթնոլորտ, որը հնարավորություն տվեց քոչարյանական իշխանության ռուդիմենտներին հրապարակայնորեն հանդես գալ եւ բավական մեծ ամբիցիաներով: Շատ դժվար էր պատկերացնել, որ խորհրդարանական ընտրություններում որեւէ մի կուսակցություն իր ցուցակի երկրորդ տեղում կընդգրկի քոչարյանական ռեժիմի այնպիսի կարկառուն ներկայացուցչի, ինչպիսին Վարդան Օսկանյանն է, եւ այս ընտրությունների արդյունքում, ըստ էության, քաղաքական պատասխանատվությունը ամբողջովին հանվեց քոչարյանական ռեժիմի վրայից գոնե արտաքին քաղաքական առումով: Ի՞նչ ընտրություն կա այսօր. կամ ներկայիս իշխանությունը, որն ուզում է պահպանել այսօրվա վիճակը, եւ հանձինս “Բարգավաճ Հայաստան»-ի՝ ընտրություն դեպի նախորդ ռեժիմ”, – ռադիոկայանին ասել է Դավիթ Շահնազարյանը:
Henaran.am-ը Դավիթ Շահնազարյանի քայլի շուրջ մեկնաբանությունների ակնկալիքով փորձեց կապ հաստատել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանի հետ: Վերջինս, ինչպես միշտ, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց նաեւ ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նշենք, որ ավելի վաղ ՀԱԿ-ից իրենց կուսակցությունների հետ միասին դուրս եկան նաեւ Կոնգրեսի առանցքային դեմքերից “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ “Հայաստանի լիբերալ” կուսակցության նախագահ Հովհաննսես Հովհաննիսյանը: