Ինչպես մասնակցել նախագահական ընտրություններին, ինչ թեկնածուի պաշտպանել. ՀՅԴ-ն այս հարցն է քննարկում
ՀՅԴ Գերագույն ժողովի օրակարգային հարցերից մեկը 2013թ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափն է լինելու: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: “Բնականաբար, օրակարգային հարցերից մեկը դա է` ինչպես մասնակցել, մասնակցել կամ չմասնակցել, ինչ թեկնածուի պաշտպանել եւ այլն: Ես կարծում եմ, որ հարցերի մեծ մասը կհստակեցվի”,-նշել է ՀՅԴ-ական պատգամավորը:
Նշենք, որ ՀՅԴ Գերագույն ժողովը, որը մեկնարկում է այսօր, կուսակցության բարձրագույն մարմինն է եւ հրավիրվում է երկու տարին մեկ անգամ:
ՀՅԴ ԳՄ ժողովի օրակարգում է նաեւ ՀՅԴ ղեկավար մարմիններում փոփոխությունների հարցն է: “Բոլոր Գերագույն ժողովներն օրակարգում ունեն այդ հարցը”,- Henaran.am-ին ասել է Վահան Հովհաննիսյանը: Ըստ լրատվամիջոցների հրապարակումների, այս հարցը կապվում է մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից ՀՅԴ սփյուռքյան կառույցների դժգոհության հետ:
“Խորհրդարանական ընտրությունների արդյունքից ես էլ եմ դժգոհ եւ Հայաստանի կառույցը շատ ավելի դժգոհ է, քան որեւէ այլ կառույց, բնական է, որովհետեւ այս կառույցի` ընտրություններին մասնակցելու մասին է խոսքը: Դժգոհությունները Դաշնակցության ներսում արտահայտելու ձեւերը կան եւ այդ ձեւերով էլ արտահայտվում են, այսինքն, ցանկացած կենտրոնական կոմիտեություն կամ կենտրոնական մարմին կարող են իրենց դժգոհությունն արտահայտել, ինչը եւ անում են: Այստեղ արտառոց բան չկա”,-այս կապակցությամբ Henaran.am-ին ասել է Վահան Հովհաննիսյանը:
Վահան Հովհաննիսյանը չի հերքել ՀՅԴ սփյուռքի եւ տեղական կառույցների միջեւ տարաձայնությունների առկայությունը, ինչի մասին շարունակ գրում են ԶԼՄ-ները: “Տարաձայնություններ միշտ էլ կան: Տարաձայնությունները բնականաբար, վարվող քաղաքական կուրսի, դրա էֆեկտիվության վերաբերյալ են, տնտեսական, քաղաքական ու սոցիալական ծրագրերի վերաբերյալ:
Այսինքն, տարաձայնություն ասելով, տարբեր տեսակետներ կան, ինչը նորմալ եմ համարում”,-ասել է ՀՅԴ-ական գործիչը ու հավելել.”Աննորմալ եմ համարում այն կուսակցությունների դրվածքը, որտեղ ներսում բանավեճ չկա, որովհետեւ շեֆը ոնց որոշեց, էդպես էլ լինում է: Մեզ մոտ լայն եւ բավականին սուր քննարկումներ են, պարզապես, որ մեր հասարակությունը եւ լրատվամիջոցները սովոր են էն մյուս տարբերակին, որ կուսակցությունների ներսում ոչինչ չի կատարվում, դրա համար էլ զարմանքով են նայում Դաշնակցության ներսում բանավեճերին”:
Պատասխանելով ՀՅԴ Գերագույն ժողովի` լրատվամիջոցների համար փակ լինելու մասին Henaran.am-ի դիտարկմանը, Վահան Հովհաննիսյանն ասել է.”Մեր ժողովները փակ չեն, մեր ժողովները աշխատանքային են եւ, եթե ասենք ինձ եւ Ձեզ ինչ-որ մեկի ծնունդին չեն հրավիրել, դա ոչ թե որովհետեւ ծնունդը գաղտնի է, այլ պարզապես, որովհետեւ մենք այնտեղ անելու բան չունենք”: