Ֆուտբոլը խառնել “Հարսնաքար”-ի դեպքի հետ նորմալ չէ. Վահան Հովհաննիսյան
“Սա հարցի լուծման սկիզբն է: Այն, ինչ տեղի է ունեցել, ունի երկու երես` քրեական, ինչի համար մարդիկ են ձերբակալված եւ պետք է օրենքի ողջ խստությամբ պատասխան տան, ինչը պահանջել է մեր կուսակցությունը եւ երկրորդը` բարոյական: Բարոյական հատվածում Ռուբեն Հայրապետյանը ճանաչել է իր մեղավորությունը, իր բարոյական պատասխանատվությունը ընդունել է եւ համապատասխան կերպով վարվել է: Այդ քայլը կարելի է բարձր գնահատել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով “Հարսնաքարի” միջադեպքից հետո մանդատից հրաժարվելու /ՀՀԿ-ական պատգամավորը արդեն ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու մասին դիմումը/ Ռուբեն Հայրապետյանի քայլին:
Վահան Հովհաննիսյանի խոսքով, քննիչ մարմինը պետք է պարզի, թե որքանով է հարցի բարոյական կողմն առնչվում քրեականն: “Մի բան պարզ է, որ օլիգարխներն այնքան են լկստվացրել իրենց թիկնապահներին, որ նրանք կարող են այսպիսի մի բան անել, առանց հրահանգի: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեծահարուստ կարող է իր թիկնապահներին հրահանգ տալ, թե ծեծեք, որ մեռնի, բայց այն ձեւը, որի մեջ նրանք դաստիարակված են, արդեն իսկ ենթադրովում է, որ նման բան կարելի էսպասել”,-շարունակել է Վահան Հովհաննիսյանը:
Henaran.am-ի դիտարկմանը, թե եղելությունից հետո Ռուբեն Հայրապետյանը կարո՞ղ էր ավելին անել, քան այն հայտարարությունը, որը տարածվեց, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. “Դժվարանում եմ ասել, որովհետեւ հայկական քաղաքական – հասարակական մշակույթի մեջ յուրահատուկ դեպք է, երբ հասարակական ճնշման տակ նման որոշում է կայացվում, բայց, ասենք Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապել դա, որը քաղաքական պաշտոն չէ, չգիտեմ, որքանով է ճիշտ: Կարծում եմ ավելի կարեւոր կլիներ Ռուբեն Հայրապետյանի առջեւ դնել պահանջ նյութական առումով ապահովել բոլոր տուժած ընտանիքները` զոհվածի եւ տուժածների ընտանիքը”:
Նրա խոսքով, բարոյական փոխհատուցումից զատ աշխարհում տարածվածէ նաեւ նյութական փոխհատուցումը, իսկ Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնից մարդուն կարելի է հանել միայն, եթե Հայստանում վատ ֆուտբոլ կա: “Ֆուտբոլը խառնել “Հարսնաքար”-ի դեպքի հետ, չեմ գտնում, որ նորմալ երեւույթ է : Ծայրահեղությունների մեջ չի կարելի ընկնել”,-կարծում է Վահան Հովհաննիսյանը:
Հավելենք, որ քաղաքացիական հասարակությունը պահանջում է Ռուբեն հայրապետյանին հեռացնել նաեւ ՀՖՖ նախագահի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ”Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ ռեստորանի անվտանգության աշխատակիցների դաժան ծեծի հետեւանքով մահացավ ռազմական բժիշկ, 35-ամյա Վահե Ավետյանը, հասարակական ճնշման տակ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին: