“ԳՈՅ” թատրոնը 25 տարեկան է
«Թատրոնը դեղատոմս չի գրում, թատրոնը հարցեր է առաջ բերում: Մենք ստեղծեցինք ազնիվ թատրոն, խաղում ենք այն, ինչ ուզում և զգում ենք, այլ ոչ այն, ինչ պետք էր»․ Արմեն Մազմանյան (2012թ․)
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 12-ին, նորացված եւ հարմարավետ դահլիճում տեղի ունեցավ ԳՈՅ թատրոնի (Բեմարվեստի Ազգային Փորձարարական Կենտրոնի) թատերաշրջանի բացման արարողությունը։
Այս տարին հոբելյանական է՝ լրանում է ԳՈՅ թատրոնի գործունեության 25-ամյակը։
Բացման արարողությունն այդ առումով եւս հատկանշական էր․ մեկ ժամ տեւողությամբ ծրագիրն ընդգրկում էր փոքր հատվածներ մինչ այսօր բեմադրած ներկայացումներից։
Արդեն իսկ հոկտեմբերի 26-ին եւս մեկ անգամ «ԳՈՅ»-ը կներկայացնի «Դեկորներ» բեմադրությունը (ըստ Աղասի Այվազյանի համանուն պիեսի) ։ Բեմադրող-ռեժիսոր Սամսոն Ստեփանյան, դերակատարներ՝ Գուրգեն Սարգսյան, Սարգիս Չոլոյան, Աշոտ Տեր-Մաթեւոսյան, Սամվել Թոփալյան, Աննա Հարությունյան, Էդգար Անդրեասյան, Կարեն Գալստյան, Վաչե Երիցյան։
Ստեղծագործական կազմը խոստանում է նոր ներկայացումներ «գոյական» տրամաբանությամբ եւ հետաքրքիր լուծումներով։
Հիշեցնենք, որ «ԳՈՅ» թատրոն-լաբորատորիան հիմնադրվել է 1988թ․-ին։
1990-ականներին «ԳՈՅ»-ը դարձավ նորարարությունների հեղինակ՝ ներկայացնելով այնպիսի բեմադրություններ, որոնք մեծ աղմուկ բարձրացրին․ է․ Իոնեսկոյի «Ռնգեղջյուր», Լ․ Պիրադելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս», Պետեր Վայսի «Մարատ/Սադ», Սամուել Բեքետի «Դեպի վերջ», Ժ․Բ․ Մոլերի «Սկապենի արարքները» եւ այլն։
Թատրոնի հիմնադիրը ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Արմեն Մազմանյանն է, ով մինչ վաղաժամ մահը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։
«ԳՈՅ» թատրոնի հասարակայնության հետ կապերի եւ մամուլի բաժին