“Ապե, ազիզ …” պատգամավորը` նախարարին
“Բարձրաստիճան պաշտոնյաներն են անարգում մեր լեզուն: Մեր լեզուն անտեր վիճակում է այսօր: Մեր լեզուն վտանգված է: Զգույշ եղեք”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Վերջինս չի կասկածում, որ հեռուստաեթերը ժողովրդին համախմբող ամենահզոր ուժն է. եթե եթերից է մատուցվում սխալ խոսք ու տարածվում ողջ հասարակության շրջանում, սարսափելի է:
Հիշեցնենք, որ մի խումբ մտավորականներ դիմել են ՀՀ նախագահին` ահազանգելով հեռուստաթերի վիճակի մասին: Մտավորականները առաջարկել են ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի խնդրով: Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով, հանձնաժողովում կարելի է ընդգրկել ՀԱԿ առաջնորդին, ով գործից հասկանում է: “Կընդգրկեի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ նա լեզուն լավ գիտե”,- ասաց Դ. Գասպարյանը:
Գրականագետի ցանկությունները շատ են, մասնավորապես, հեռուսատեսությունում աշխատողները, դերասանները պետք է հայոց լեզվից քննություն հանձնեն: Նրանք ուղղորդողի դեր ունեն:
“Առաջ թատրոնն էր մարդկանց լեզու սովորեցնում, այսօր` հեռուսատեսությունը: Իսկ լեզուն մեր բարձրագույն սրբությունն է, ունի օրինաչափություններ: Եթե լեզուն էլ մեր ձեռքից գնա, բոլորս թուրք ենք դառնալու”,- ասաց Դ. Գասպարյանը: Վերջինիս համոզմամբ, ամեն ինչ հունի մեջ կընկնի, եթե պատգամավորն ու նախարարը իրար հետ չխոսեն` “ապե”, “ազիզ” բառերով: