Ամեն տարի 30 հազար մարդ Հայաստանից անվերադարձ հեռանում է . ժողովրդագիր
՛՛Ամեն տարի հավաքվում ու խոսում ենք մեր բնակչության մասին ու մտայնություն կա, որ կփոխվի դեպի լավը, սակայն իրավիճակը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին կար: Կարելի է օգտագործել նաև ճգնաժամային բառը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Ժողովրդագրական այս պատկերը կապված է ծնելիության նվազման հետ ու այդ միտումը չի դադարելու մոտակա տարիների ընթացքում:
՛՛Հիմա ծնողներ են դառնում 90-ականներին ծնվածները, որոնց թիվն ավելի փոքր է , քան նրանց նախորդ սերունդներինը: Սա նշանակում է, որ փոքրանում է ծնող ՛՛կոնտինգենտը՛՛, փոքրանում է նաև ծնվողների թիվը՛՛: Եգանյանը հայտնեց, որ մահացության թիվը Հայաստանում ոչ բարձր տեմպերով, բայց աճում է, ինչը պայմանավորված է բնակչության տարիքային կառուցվածքի փոփոխություններով, ծերերի թվի աճով:
Ժողովրդագրի տվյալներով՝ յուրաքանչյուր տարի 30 հազարով նվազում է բնակչության թիվը, ՛՛այսքան մարդ հեռանում է Հայաստանից ու չի վերադառնում՛՛: Ընդ որում, մասնագետի խոսքով՝ սա դեռ ստույգ թիվ չէ, քանի որ երբեմն արտագաղթողը քողարկված բնույթ է կրում, գնացողների մեծ մասն իրենց մեկնումները չեն արձանագրում:
՛՛Մահերի ու ծնունդների թվերի հարաբերակցությունն առայժմ դրական է, մոտավորապես ունենում ենք տարեկան ծնունդների գերակշռում մահերին 13-15 հազարով: Դժբախտաբար սա փոփոխվող երևույթ է, և մահերի թիվը սկսելու է գերազանցել ծնելիության թվին՛՛,-եզրափակեց Ռուբեն Եգանյանը: