Ներկայացվեցին վավերագրական ֆիլմերը
“Ոսկե ծիրան” 9-րդ կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” ծրագրի վավերագրական մրցույթում ներկայացված են Արսեն Գասպարյանի “Նոր Ջուղա. Լինել”, Վահե Յանի “Երկու ճանապարհ” եւ Հայկ Կբեյանի “Կոստան Զարյան. հայ գրականության միայնակ հոգին” ֆիլմերը: “Նոր Ջուղա. լինել…” կարճամետրաժ ֆիլմը անդրադառնում է Նոր Ջուղայի մշակութային հարուստ ժառանգության անցյալին ու ներկային: “Պատկերված է հայ համայնքը, որն ավելի քան 400 տարի Նոր Ջուղայում ապրում եւ արարում է` պահպանելով կրոնը, եկեղեցին, դպրոցը, ինչպես նաեւ իր սովորություններն ու ավանդույթները”,-լրագրողներին ասաց Արսեն Գասպարյանը՝ նշելով, որ հիմնական խնդիրն արտագաղթն է:
Վահե Յանի ֆիլմի հերոսները երկու խուլ մարդիկ են, ներկայացված է նրանց առօրյան: “Գոհարը սիրում է նկարել: Երազում է վաճառել իր աշխատանքները, շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, օգնել ծնողներին եւ եղբոր ընտանիքին: Հայկը պարող է: Կյանքն առանց պարի չի պատկերացնում: Նա առաջին մրցանակի է արժանանում Հայաստանի ամենահեղինակավոր պարի փառատոնում: Երազում է ունենալ մի տարածք, որտեղ պար կդասավանդի: Նրանց ճանապարհները տարբեր են եւ, միեւնույն ժամանակ, մոտ իրար: Ֆիլմը փորձել է ներթափանցել մի աշխարհ, որը շատ գունագեղ է, մի աշխարհ, որից մենք մեկուսացել ենք”,-ասաց Վահե Յանը:
“Հայ գրականության մենակը” ֆիլմը պատմում է Կոստան Զարյանի մասին: կյանքի պատմությունն է: “Միայնակ, չհասկացված մարդու, գրողի, մտավորականի մասին է: Չէ՞ որ մենք նրան դեռեւս չենք գնահատել ըստ արժանվույն”,-ասաց Հայկ Կբեյանը: