Արման Վեզիրյանը չի բողոքում եւ պահանջ չունի Ռուբեն Հայրապետյանից
2012թ. հուլիսի 9-ին զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող “Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված “մոմավառություն» միջոցառման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հարվածել է “Հելսինկյան ասոցիացիա” իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին:
Նշված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում սկսվել է հետաքննություն: Բացատրություն տալու համար նույն բաժանմունք է հրավիրվել Արման Վեզիրյանը, ով հայտնել է, որ տեղի ունեցած միջադեպի առումով բողոք չի ներկայացնելու, իսկ Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի: Միաժամանակ Արման Վեզիրյանը հրաժարվել է դատաբժշկի ուղեգիր ստանալուց և դատաբժշկական փորձաքննության ներկայանալուց:
Նկատի ունենալով, որ լրատվամիջոցների հրապարակումներում վերը նկարագրված ենթադրյալ գործողությունները կարող են քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Բացի այդ, 2012թ. հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված «մոմավառություն» միջոցառման ընթացքում հավաքի մասնակիցները փակել են Աճառյան փողոցի երթևեկելի մասը՝ շուրջ տասը րոպե նստելով և պառկելով ճանապարհի լայնությամբ: Նշված վայրում գտնվող ոստիկանության ուժերը փողոցի բանուկ մասից դուրս են հանել տրանսպորտի երթևեկությունը փակած անձանց:
Վերոգրյալ իրադարձությունների կապակցությամբ արվել են մի շարք հայտարարություններ, որոնցում ոստիկանության գործողությունները գնահատվել են որպես անօրինական, ներառյալ՝ բռնություն պարունակող: Ուստի, այդ հայտարարություններում տեղ գտած փաստերը և դրանց տրված գնահատականները ստուգելու, ինչպես նաև նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը պարզելու նպատակով պատշաճ ընթացակարգի շրջանակներում կիրականացվի համապատասխան ուսումնասիրություն:
Միաժամանակ 2012թ. հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ՝ միջադեպի այլ մասնակիցների վարքագծին կամ նրանց առանձին գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով:
Henaran.am -ին փոխանցում են ՀՀ ոստիկանությունից