26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գևորգ Կոստանյանը պատրաստակամ է մեկնել Արցախ․ Փաստաբանները դիմել են դատարանին

«Գևորգյան փաստաբանական գրասենյակը», որը զբաղվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի շահերի պաշտպանությամբ, հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ նախկին զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը պատերազմը սկսելու պահից՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, պատրաստակամություն է հայտնեց անհապաղ վերադառնալ Հայրենիք, մեկնել Արցախ և իր գործնական ու մասնագիտական հմտություններն օգտագործել ի բարօրություն Արցախի և Հայաստանի Հանրապետությունների սահմանների պաշտպանության:

Ուշադրության է արժանի նաև այն, որ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը բոլորին հրապարակայնորեն կոչ է արել միանալ Հայրենիքի պաշտպանության գործին: Արայիկ Հարությունյանի հայտարարությամբ մասնավորապես նշվել է. «Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»:

Նկատի ունենալով, որ երկրում առկա է պատերազմական իրավիճակ, պատերազմի առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազություն միջնորդություններ ենք ներկայացրել, որոնցով պահանջել ենք Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և հայտարարված հետախուզումը վերացնել, քանի որ այդ հանգամանքը նրան հնարավորություն չի տալիս հատել ՌԴ պետական սահմանը և վերադառնալ Հայաստան:

Սակայն, ՀՀ դատախազությունը ներկայացված միջնորդություններն անհիմն և բացարձակ ապօրինի մերժել է: Եթե անգամ հետախուզումը և կալանավորումը վերացնելուց հետո, ենթադրաբար, Գ.Կոստանյանը կարող է թաքնվել և Մոսկվա-Երևան առաջին իսկ չվերթով չվերադառնալ Հայաստան, ապա ՀՀ դատախազությունը և նախաքննության մարմինն անմիջապես հաջորդ օրը կրկին կարող են և´ հետախուզում հայտարարել, և´ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Գևորգ Կոստանյանի պաշտպանները Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն են ներկայացրել, որով դատարանից խնդրել են թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցի կիրառմամբ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու հնարավորությունը՝ այլ խափանման միջոց ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:

Ի հիմնավորումն դատարան ներկայացված միջնորդության՝ պաշտպանական կողմը, ի թիվս այլի, նշել է նաև այն, որ երկրում առկա պատերազմական վիճակից ելնելով Գևորգ Կոստանյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ պարտավորվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան միջոցով առաջին իսկ չվերթով ժամանել Հայաստանի Հանրապետություն և մասնակցել մարտական գործողություններին, հետևաբար իրադարձությունների նման զարգացման պայմաններում առավել քան ակնհայտ է, որ Գևորգ Կոստանյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հնարավոր վտանգը ոչ թե նվազել է, այլ առհասարակ չեզոքացել է, քանի որ վերջինս հանրության առջև պարտավորվել է վերադառնալ Հայաստան:

Ընդ որում՝ թե´ ՀՀ դատախազությունից, թե´ դատարանից պահանջվել է ոչ թե դադարեցնել Գ.Կոստանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, այլ՝ ընդամենը վերացնել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը և հայտարարված հետախուզումը՝ նրան հնարավորություն ընձեռնելով Հայրենիք վերադառնալ:

Գևորգ Կոստանյանի պաշպանական թիմի վերը նշված միջնորդության քննարկումը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մարինե Մելքոնյանի, 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ