“Երկիր” օրաթերթը անորոշ ժամանակով չի տպագրվի
“Երկիր” օրաթերթը ֆինանսական խնդրի առջեւ է կանգնած եւ անորոշ ժամանակով դադարեցրել է տպագրությունը:
“Բոլորս էլ գիտենք, որ թերթի հրատարակումը շատ ծախսատար եւ քիչ եկամտաբեր գործ է: Հրատարակման համար թերթերը մեծ հովանավորներ պետք է ունենան: Մենք փորձեցինք մեր ուժերով տպագրել եւ կարողացանք այսքան ժամանակ տպագրել թերթը: Հիմա տեսնենք , թե ինչ կլինի: Փորձում ենք կարգավորել մեր ֆինանսական խնդիրները”,-Henaran.am-ին փոխանցեց օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը:
“Երկիրն” այժմ ակտիվորեն աշխատում է կայքի հզորացման ուղղությամբ: Մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ թերթն ընդհանրապես փակվի, Սեւակ Հակոբյանը պատասխանեց.”Չեմ կարծում: Կարծում եմ, որ սեպտեմբերից արդեն հստակեցրած կլինենք ամեն ինչ եւ գուցե հենց սեպտեմբերից թերթի տպագրությունը շարունակվի”:
Հավելենք, որ նույն` ֆինանսական խնդիրների պատճառով հուլիսի 1-ից փակվեց նաեւ “Ռադիոհայ”-ի լրատվական թողարկումը: