Սիրիական Ազգային խորհուրդը մտադիր չէ երկխոսություն սկսել սիրիական կառավարության հետ
Սիրիական Ազգային խորհուրդը հայտարարել է, որ իրենք ոչ մի դեպքում երկխոսության չեն դիմի Սիրիայի կառավարող վարչակարգի հետ, հաղորդում է “Росбалт”-ը:
“Ոչ մի երկխոսություն կառավարող վարչակարգի հետ չի կարող լինել: Կարող են միայն բանակցություններ լինել այն մասին, թե ինչ ճանապարհով կարելի է անցնել նոր քաղաքական համակարգի”,-հայտարարել է Սիրիական Ազգային խորհրդի գործադիր բյուրոյի անդամ Բասմա Կոդմանին:
Նա հավելել է, որ ներկա պահին Սիրիական Ազգային խորհուրդը քննարկում է ԱԵԼ-ի կողմից առաջարկված սիրիական հակամարտության կարգավորման քաղաքական մեխանիզմը:
“Այն, ինչը միավորում է սիրիական ընդդիմությանը, իշխանության տապալումը եւ երկրում նոր քաղաքական համակարգ ստեղծելն է”,-հայտարարել է Կոդմանին:
Հուլիսի 9-ին ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը հայտնել էր, որ ինքը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ “համաձայնության է եկել հակամարտության կարգավորման շուրջ, որը նա կներկայացնի ընդդիմությանը”: Անանն ընդգծել էր, որ կողմերը եկել են այն եզրակացության, որ բռնությունը պետք է դադարեցվի եւ քննարկել դրան հասնելու ուղիները: