Հայաստանի ԱԳ եւ ԿԳ նախարարները մասնակցեցին ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջին գագաթաժողովին
Հուլիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեցին Բաթումիում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջին գագաթաժողովին, որին ներկա էին Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրիդ Մարտենսը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, փոխվարչապետ ու եվրոպական ինտեգրման նախարար Գրիգոլ Բարամիձեն, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեն:
Գագաթաժողովին անդրադարձ կատարվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցությանն ու դրա հեռանկարներին: Քննարկումներ ընթացան հետեւյալ հարցերի շուրջ. Արեւելյան գործընկերությունը 2011-ի Վարշավայի գագաթաժողովից մինչեւ 2013-ի Վիլնյուսի գագաթաժողով, Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ դրա անդամ հանդիսացող Արեւելյան գործընկերության երկրների կուսակցությունների միջեւ համագործակցության զարգացումը, Արեւելյան գործընկերության քաղաքական հարթության ամրապնդումը, Արեւելյան գործընկերության սեկտորային համագործակցության խթանումը:
Այս հարցերի շուրջ գագաթաժողովին հայկական կողմի տեսակետները ներկայացրեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Գագաթաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի անունից ընդունվեց համատեղ եզրափակիչ հռչակագիր, որտեղ ներկայացվեց ԵԺԿ եւ գագաթաժողովի մասնակից երկրների տեսլականն Արեւելյան գործընկերության հեռանկարների, ԵԺԿ անդամ կուսակցությունների միջեւ համագործակցության վերաբերյալ:
Հռչակագրում ամրագրվեց, որ այս ձեւաչափով հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա այս տարվա վերջին Երեւանում:
Նույն օրն առավոտյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին, որի հետ մտքեր փոխանակվեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության վերաբերյալ:
Գագաթաժողովին նախորդեց նախարարների հանդիպումը, որին մասնակցեցին ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Վրաստանի փոխվարչապետ Գրիգոլ Բարամիձեն եւ Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեն: