Որտեղի՞ց են ֆինանսավորվում Հայաստանում գործող աղանդավորական կազմակերպությունները
“Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն” ՀԿ-ի ունեցած տվյալներով Հայաստանի բնակչության` շուրջ 350-360 հազարը ոչ Առաքելական եկեղեցու հետևորդ է, ընդ որում, 40 տոկոսը քայքայիչ աղանդների հետևորդ, այսինքն, այնպիսի կրոնական այն կազմակերպությունների, որոնք արգելված մեթոդներ են կիրառում իրենց կազմակերպության մեջ մարդկանց ներգրավելու համար:
Այսօր “Հենարան” մամուլի ակումբում այս մասին ասել է “Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն” ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Նրա խոսքով, 2011-ին հրապարակված ԱՄՆ պետդեպի տվյալներով` Հայաստանում կրոնական ազատությունների մասին զեկույցի համաձայն, Հայաստանում բնակվում է ավելի քան 3 միլիոն բնակիչ, որի շուրջ 90 տոկոսը Հայկական Առաքելական եկեղեցուն է դավանում, մյուս մասը պատկանում է այս կամ այն կրոնական կազմակերպությանը:
Ըստ այդ զեկույցի, աղանդավորական կազմակերպությունները ֆինանսավորում են արտերկրից, հիմնականում` ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Չինաստանից: Որպես կանոն գործում են ցանցային մարքեթինգի սկզբունքներով:
Ամարյանի խոսքով` նույն սկզբունքով գործող կոսմետիկայի հայտնի ֆիրմաները, ինչպիսիք են օրինակ, “Մերի Քեյ”-ը կամ “Ֆաբերլիկ”-ը, առնչություններ ունեն կրոնական կազմակերպությունների հետ: