“Աշտարակ Կաթ”-ի արձագանքը Henaran.am-ի հրապարակմանը
“Աշտարակ Կաթ” ընկերությունն արձագանքեց Henaran.am-ի` “Աշտարակ կաթ”-ը պարտք է գյուղացիներին, իսկ գյուղացուն փող է հարկավոր” հրապարակմանը, որտեղ ներկայացվում էր Լոռու մարզի Պրիվոլնոյե համայնքի բնակիչների ահազանգն այն մասին, որ ընկերությունը կաթի մթերման դիմաց վճարումները գյուղացիներին ուշացնում է եւ պարտքեր է կուտակել: “Աշտարակ Կաթ”-ը վճարման գրաֆիկից շեղումները զուտ սեզոնայնությամբ է պայմանավորում: Ստորեւ ներկայացնում ենք “Աշտարակ Կաթ”-ի պատասխանը
“Հարգելի Henaran.am
Սույն թվականի հուլիսի 10-ին հրապարակված Պրիվոլնոյե համայնքում կաթի մթերումների վերաբերյալ “Աշտարակ Կաթը” պարտք է գյուղացիներին, իսկ գյուղացուն փող է հարկավոր” վերնագրով Ձեր հոդվածին Աշտարակ Կաթ ընկերությունը տալիս է հետևյալ մեկնաբանությունը:
Բազմաթիվ համայնքների և անհատների հետ երկարամյա փոխշահավետ համագործակցության ընթացքում եղել են դեպքեր, երբ ինչ-ինչ պատճառներով մթերված կաթի դիմաց վճարումները փոքր ինչ ուշացել են: Այս երևույթը սեզոնային և ժամանակավոր բնույթ է կրում և վերաբերում է հատկապես ամառային ամիսներին, երբ բնակչության կողմից կտրուկ նվազում է կաթնամթերքի սպառումը, իսկ դրան զուգահեռ կաթի մթերման ծավալներն անհամեմատ մեծանում են: Այդ կերպ պահեստավորվում է անհրաժեշտ ծավալը` ձմռանը հումքի սակավության պայմաններում սպառողների պահանջները բավարարելու նպատակով: Սա է հիմնականում պատճառը, որ վճարումները փոքր-ինչ շեղվել են սովորական ժամանակացույցից:
Դրանով հանդերձ, երկար տարիների գործունեության ընթացքում չի եղել որևէ դեպք, որ Աշտարակ Կաթը պարտք մնա իր մատակարարներին: Դրա լավագույն ապացույցն այն է, որ տարիներով հազարավոր գյուղացիական տնտեսություններ ու ֆերմերներ շարունակում են համագործակցել Աշտարակ Կաթի հետ և նրանց թիվը գնալով մեծանում է: Այն, որ մատակարարները ավանդաբար համագործակցում են հենց մեր ընկերության հետ, արդյոք չի՞ նշանակում, որ Աշտարակ Կաթը հուսալի և պարտաճանաչ գործընկեր է. հակառակ դեպքում ո՞ վ է ստիպում գյուղացուն կաթը հանձնել հենց նրան:
Այժմ մենաշնորհի մասին… Հոդվածում նշված է, որ “Աշտարակ Կաթ”-ից բացի այլ ընկերություններ այստեղից կաթ չեն մթերում, և “Աշտարակ Կաթ”-ն էլ չարաշահում է իր մենաշնորհային դիրքը: Ի գիտություն` Պրիվոլնոյե համայնքում կաթի մթերման ներկայիս ծավալը օրական անցնում է ութ տոննայից, որից Աշտարակ Կաթը հավաքագրում է միայն երեքը: Մնացածը մթերում են այլ անհատ ձեռներեցներ և կազմակերպություններ: Այս պարագայում ո՞ րն է Աշտարակ Կաթի մենաշնորհը… Նույնիսկ տարիներ առաջ, երբ իրոք կարելի էր խոսել նշված համայնքում մենաշնորհ ունենալու մասին, Աշտարակ Կաթը միևնույն է, չի չարաշահել իր այդ դիրքը` հակառակը. միշտ գործնականապես աջակցել է համայնքների զարգացման ծրագրերին և Պրիվոլնոյե համայնքին նույնպես: Օրինակները շատ են, բայց բավարար է միայն հիշել գյուղի գազիֆիկացիայի ծրագիրը, որն իրականացավ նաև Աշտարակ Կաթի շնորհիվ:
Նշվում է նաև, թե իբր “պայմանագրով կետ կա, որ ուշացնելու դեպքում իրենք (Աշտարակ Կաթը) պետք է տոկոսներով վերադարձնեն գումարը”: Ուղղակի փաստենք, որ մատակարարների հետ կնքված պայմանագրերում այդպիսի կետ չկա…
Ինչ վերաբերում է առայժմ չմարված գումարներին, ապա, ինչպես նման դեպքերում միշտ եղել է, կազմվում է վճարումների հստակ ժամանակացույց, մշակվում է ծրագիր: Առաջիկայում, մոտ մեկ ամսվա ընթացքում, ամեն ինչ կկարգավորվի, և մթերված կաթի դիմաց վճարումների գործընթացը կընթանա իր սովորական ու բնականոն հունով:
“Աշտարակ Կաթ” ընկերության մամուլի ծառայություն”