Կառավարման ճգնաժամը պոզով-պոչով չի լինում․ «Հրապարակ»
«Երբեմն, առաջին հայացքից ոչ այնքան կարեւոր իրադարձություններ կան, որոնք շատ ավելի կարեւոր իրողություններ են բացահայտում, քան գլոբալ իրադարձությունները։ Գործող իշխանությունների բնույթի, վարք ու բարքի մասին հազարավոր հոդվածներ ու դատողություններ կարող ենք անել, հավանել կամ մերժել, գովաբանել կամ քննադատել։
Բայց կան որոշ դրսեւորումներ, որոնք շատ նշանային են։ Ինձ համար նման նշանային իրադարձություն էր Լոռվա մարզպետի եւ Վանաձորի քաղաքապետի հակամարտությունը՝ հեղափոխությունից 2 տարի անց։ Դեռեւս 2018-ին ենթադրվում էր, որ խոշոր քաղաքների քաղաքապետերին բարդ կյանք է սպասվում՝ նրանց ստիպելու են դիմումներ գրել հեռանալ, հակառակ դեպքում՝ նրանց նկատմամբ կիրառվելու է քրեական մահակը․ գործեր են հարուցվելու, մեղադրանքներ են առաջադրվելու, խուզարկություններ ու կալանքի որոշումներ։
Մանավանդ, որ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը իրավական նորմերը հիմնականում դրեց մի կողմ եւ սկսեց իրականացնել երիտասարդ իշխանությունների կամքը՝ հալածելով նրա հակառակորդներին։ Նախկին կադրերից ոմանք շատ արագ զիջեցին եւ անգամ ընտրովի պաշտոններում աշխատողներից ոմանք արագ դիմումներ գրեցին ու շառից-փորձանքից գլուխներն ազատեցին, մյուսները սկսեցին պայքարել։ Ոմանց պայքարը հաջողությամբ պսակվեց, օրինակ՝ Հրայր Թովմասյանինը, որը թեեւ զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից, բայց պահպանեց ՍԴ անդամի կարգավիճակը։ Ոմանց պայքարն ավարտվեց պարտությամբ, ինչպես օրինակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանինը, ով մեկ տարվա մաքառումից հետո հանձնվեց։
Բայց զարմանալիորեն նոր իշխանությունը ոչ մի հստակ սկզբունք չէր դրսեւորում։ Ասենք, Վճռաբեկ դատարանի հին նախագահը ոչ միայն պահպանեց իր աթոռը, այլեւ ՍԴ դատավորի թեկնածու է այժմ։ Կամ՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Իսկ այ, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին չհանդուրժեցին։ Մինչդեռ հանդուրժեցին մեծ քաղաքների քաղաքապետերին՝ Սամվել Բալասանյանին եւ Մամիկոն Ասլանյանին։ 2 տարի նրանք առանց խոչընդոտների ու խաղաղ պաշտոնավարեցին։ Եւ հանկարծ Լոռվա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որին ուղղակի հնարավոր չէ անվանել հաջողված պաշտոնյա, սեւեռվեց Վանաձորի քաղաքապետի դեմ եւ սկսեց հալածել նրան։ Մինչ օրս համերաշխ աշխատում էր, խնդիրներ չէր տեսնում նրա գործունեության մեջ, հիմա թուրն առել, ընկել է մեյդան, ուզում է Ասլանյանին սրախողխող անել։ Իսկ կենտրոնական իշխանությունը հանգիստ հետեւում է այդ թատրոնին, թե ինչպես են քաղաքապետն ու մարզետն իրար միս ուտում, ինչպես են հրապարակավ իրար վիրավորում, ինչպես է իրենց նշանակած մարզպետը հարձակվել ընտրված քաղաքապետի վրա եւ ինչպես է նրան խոստանում ուղարկել իր «պապաների մոտ»։
Կառավարման ճգնաժամը պոզով-պոչով չի լինում։ Այն առաջին հերթին բաղկացած է կառավարման օղակների ներքին պայքարից եւ իշխանության տարբեր ճյուղերի բացահայտ հակամարտությունից, ինչից երկիրն ու մարզն են տուժում։