Խորհրդարանի նախագահը այս անգամ քվեարկեց տնտեսագիտական համալսարանում
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով նիստի օրակարգը նշեց, որ առաջին հարցով նախատեսված են ՀՊՏՀ Գյումրիի եւ Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների ընտրությունները: Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում առաջարկվեց Սամսոն Դավոյանի թեկնածությունը, իսկ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում` Սոս Խաչիկյանի: Խորհրդի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրեցին առաջադրված թեկնածուներին:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր ՀՊՏՀ կանոնադրության մեջ մասնակի փոփոխություններ կատարելուն: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը զեկուցեց, որ համալսարանի կանոնադրությունն ընդունվել է կառավարության 2005 թ. հոկտեմբերի 6-ի որոշմամբ, եւ տարիների ընթացքում կատարված օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ դրանում վերանայման անհրաժեշտություն է առաջացել: Օրակարգի հաջորդ կետով մասնակի փոփոխություններ առաջարկվեցին նաեւ համալսարանի կազմակերպական կառուցվածքում: Ռեկտորի զեկուցմամբ` եվրոպական կրթական տարածքի պահանջներով` Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանում մի շարք ամբիոնների միավորման կամ առանձնացման անհրաժեշտություն է առաջացել, ինչը կբերի աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման: ՀՊՏՀ խորհրդի անդամները քննարկեցին եւ քվեարկությամբ ընդունեցին ռեկտորի առաջարկությունները:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստում քննարկվեցին այլ հարցեր եւս:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն