Քաղաքացին համարվում է ծանուցված, եթե անձամբ ինքն է ստորագրում
_1410253808.jpg)
Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած ”Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք փոփոխությամբ առաջարկվում է ծանուցման անձի մասին փոփոխություն:
”Փոստատարը նույնպես մարդ է, աշխատանքային ժամերին է աշխատում, արդյոք լիազորագրով կարո՞ղ է ծանուցումը ստանալ ընտանիքի այլ անդամ”,-հարցրեց Կարապետյանը: Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ որքանով տեղեկացված է և իր իրավասության շրջանակում ուսումնասիրել է այդ հարցը, փոստում կա լիազորագրի ձև, որը նոտարական հաստատում չի պահանջում, և այլ անձ կարող է ստանալ նրա փոխարեն: Նաիրա Կարապետյանն իր մտահոգությունը հայտնեց, որ քանի որ այս հարցը դատական եղանակով է լուծվում, ուստի եթե օրենքում արտացոլված չլինի այն, կարող են տարակարծություններ առարկա դառնալ:
Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ բջջային հեռախոսի և այլ ձևով քաղաքացուն ծանուցելը վերջինիս անձնական որոշումն է: Նախագծի հարակից զեկուցող Պետաիրավական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ այն մանրամասն քննարկվել է հանձնաժողովում և որոշվել է 24 ժամյա ռեժիմ սահմանել. ”Մեր քաղաքացուն անհանգստացնող խնդիրը օր առաջ պիտի լուծվի”,-շեշտեց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ փոփոխությամբ առաջարկվում է վարչական խախտում թույլ տված անձին համարել ծանուցած իր խախտման մասին, եթե դրա ստացման մասին անդորագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը անդորագրի վրա ստորագրել է որոշումը ստանալուց հրաժարվելու մասին: