Հայաստանի նախագահը ընդունել է Բելգիայի նորանշանակ դեսպանին
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գի Տրուվըրուան (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հայ-բելգիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ Հայաստանը շահագրգռված է այդ հարաբերությունները ԵՄ հիմնադիր անդամ Բելգիայի հետ առավել զարգացնելու գործում:
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին եւ ժողովրդին՝ անկախացումից ի վեր անցած 20 տարիներին մեր երկրին ցուցաբերած աջակցության, նաեւ բելգիահայ համայնքի նկատմամբ մշտապես բարյացակամ վերաբերմունքի համար: Սերժ Սարգսյանը երախտագիտությամբ է խոսել անցյալ դարասկզբին ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, ում սերունդներն այսօր կազմում են բելգիահայ համայնքի կորիզը, ապաստան տալու եւ ապրելու ու արարելու պայմաններ ստեղծելու մասին:
Նախագահն ընդգծել է նաեւ, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը:
Դեսպան Գի Տրուվըրուան երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծապես կարեւորել է Բելգիայի հայ համայնքի դերը՝ ընդգծելով, որ իր երկրում նաեւ այդ համայնքի շնորհիվ մեծ հարգանքով եւ համակրանքով են վերաբերվում հայ ժողովրդին եւ նրա հարուստ պատմությանն ու մշակույթին:
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է միջազգային կազմակերպությունների, ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում եւս հայ-բելգիական համագործակցության զարգացումը: