Երեւանի քաղաքապետը ֆրանսահայ ճարտարապետին ներկայացրեց մայրաքաղաքի պատմությունը
Քաղաքաշինության եւ ճարտարապետության բնագավառում համագործակցության առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի անդամ, համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը եւ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ողջունելով հյուրին` քաղաքապետը, համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունը, ընդգծել է, որ 2794-ամյա Երեւանն իր պատմամշակութային ժառանգությամբ եւ հուշարձաններով, հնի ու նորի ճարտարապետական ինքնատիպ համադրմամբ` այսօր համարվում է աշխարհի գրավիչ մայրաքաղաքներից մեկը:
“Ծանոթ լինելով համաշխարհային ճարտարապետության մեջ ձեր ներդրած ավանդին եւ կարեւորելով Երեւանում նոր ու ժամանակակից նախագծերի, մտահղացումների կյանքի կոչման առաջնահերթությունը, կարող եմ վստահեցնել, որ ցանկացած առաջարկ, որը կնպաստի մեր քաղաքի զարգացմանը, պատրաստ ենք քննարկել եւ մեր իրավասությունների շրջանակում ընդառաջել”,-նշել է Տարոն Մարգարյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Միշել Մոսեսյանն իր հերթին, նշելով, որ առաջին անգամ է այցելում Երեւան, ընդգծել է, որ իսկապես տպավորված է մայրաքաղաքի ճարտարապետությամբ եւ ցակություն է հայտնել հանրային տարածքներում ստեղծել ճարտարապետական այնպիսի լուծումներ, որոնք առավել ներկայանալի ու հարմարավետ կդարձնեն Երեւանը:
Ողջունելով աշխարհահռչակ ճարտարապետի ցանկությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է քաղաքապետարանի պատասխանատուների հետ համատեղ անցկացնել մասնագիտական քննարկում եւ ձեւավորել հստակ առաջարկ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն