“Ժառանգությունն” ավելի համակողմանի փաստաթուղթ է առաջարկել. ՀԱԿ-ն շտապե՞լ է /վիդեո/
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի երեկվա ասուլիսը, որտեղ հայտարարվեց ԱԺ արտահերթ նիստ գումարելու պահանջով ստորագրահավաքի մասին, անակնկալի է բերել ԱԺ մյուս ընդդիմադիր խմբակցությանը` “Ժառանգությանը”: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը. “Ասուլիսից մենք տեղյակ չէինք, երբ ՀԱԿ-ը մեզ ներկայացրեց փաստաթուղթը, ասացինք, որ մենք ունենք առաջարկություններ, եւ դրանից մի քիչ հետո լսեցինք, որ ՀԱԿ-ը ասուլիս է անցկացնում: Ասուլիսը մեզ համար անակնկալ էր”:
Ռուբեն Հակոբյանի խոսքով, “Ժառանգությունն” առաջարկել է սեպտեմբերին շրջանառության մեջ դնել համակողմանի փաստաթուղթ: “Չեք թողնում ոչ մի գաղտնիք մնա: Խոսքն այն մասին է, որ “Ժառանգությունը” որոշակի առաջարկությամբ ուզում էր, որ այս փաստաթուղթն ավելի համակողմանի լինի: Այդ փաստաթուղթն արդեն պատրաստ է, որտեղ հիմնական առանցքն այն է, որ այս առիթն օգտագործելով` փաստաթուղթ պետք է լինի, որը պետք է համակողմանի ընդգրկի այս անպատժելիության մթնոլորտում տեղի ունեցած դեպքերը:
Բազմաթիվ դեպքեր են եղել, որոնք մնացել են անուշադրության կենտրոնում”,-գաղտնիքը բացեց Ռուբեն Հակոբյանն ու հավելեց.” Քաղաքացիական հասարակությունը, որն այսօր կարողացավ պարտադրել, որպեսզի սա լուրջ քաղաքական եւ քաղաքացիական հնչեղություն ունենա, այդ ժամանակ չի կարողացել դա անել:
Մեր մոտեցումն այն էր, որ այս առիթը պետք է օգտագործել եւ անդրադառնալ բոլոր այդ դեպքերին` կապ չունի, թե ովքեր են այդ դեպքերին մասնակցել, եւ հասկանալի է, որ հիմնականում իշխանության ներկայացուցիչներն են եղել դեպքերի կամ հեղինակները, կամ նրանց թիկնապահները: Մենք գտնում էինք, որ այս փաստաթուղթը կարելի էր ներկայացնել սեպտեմբերին, երբ որեւէ պատճառաբանություն չէր լինի”:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն պատճառաբանում է, որ իր պատգամավորներն արձակուրդում են, Ռուբեն Հոկոբյանն արձագանքեց .” Ցանկության դեպքում որեւէ արձակուրդ չի կարող ազդել սրա վրա, եթե ցանկություն կա, քաղաքական կամք կա` այս փաստաթղթին միս ու արյուն տալ, չի կարող որեւէ պատճառաբանություն լինել պատգամավորի համար:
Ռուբեն Հակոբյանն ասաց նաեւ, որ “Ժառանգությունը” նախատեսում է կազմակերպել քաղաքացիական ֆորում, որը կանդրադառնա երկրում տիրող անպատժելիության մթնոլորտին:
Henaran.am-ի դիտարկմանը, թե արդյո՞ք այն փաստը, որ ՀԱԿ-ը չսպասեց հիշյալ փաստաթղթին, խոսում է այն մասին, որ շտապողականություն է դրսեւորվել, Ռուբեն Հակոբյանն արձագանքեց.
”ՀԱԿ-ին հարցրեք: Ես չեմ կարծում, որ խորհրդարանում որեւէ մեկը կա, որ կարող է կարծել` 44 ստորագրություն կլինի: Բայց մյուս կողմից էլ այս հարցը շատ կոնկրետ դրված է, եւ քաղաքական ուժերը պետք է արտահայտեն իրենց մոտեցումները: Մենք գտնում ենք, որ սա միանգամյա ակցիա չպիտի լինի”:
Հակոբյանի խոսքով, թեեւ ակնհայտ է, որ 44 ստորագրություն չի հավաքվի, այդուհանդերձ, ժողովուրդը պետք է իմանա, որ խորհրդարանում կան ուժեր եւ քաղաքական գործիչներ, որոնք կաջակցեն իրեն:
“Ժառանգություն”-ը սեպտեմբերին կներկայացնի իր փաստաթուղթը, որն , ըստ Ռուբեն Հակոբյանի, ավելի միավորիչ կլինի:
Մանրամասները` կից տեսանյութում: