Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի ձեռամբ /ֆոտո, վիդեո/
Ծաղկաձորում ավարտվեց “Լավագույն մարզական ընտանիք-2012″ մրցույթի եզրափակիչը: Մրցույթն ուղղված է մասսայական սպորտի տարածմանը եւ առողջ ապրելակերպի արմատավորանը: Մրցույթին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, մի շարք մարզպետներ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն ու փոխնախարար Խաչիկ Ասրյանը, որնշը մրցույթի անմիջական կազմակերպիչն է:
ՀՀ նախագահի “Լավագույն մարզական ընտանիք” մրցանակի համար մրցույթն անցկացվում է արդեն 9-րդ անգամ: Մրցույթն անցկացվում է ընտանիքների միջեւ, թիմերը բաղկացած են 3 անդամից` մայրը, հայրը եւ երեխան: “Լավագույն մարզական ընտանիք-2012″ մրցույթը անցկացվել է 3 տարիքային խմբերով` 6-8 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ, 9-11 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ եւ 12-14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ: Մրցույթն անցկացվել է հունիս-հուլիս ամիսներին` 3 փուլերով:
Առաջին փուլն անցկացվել է հունիսի 1-12-ին Հայաստանի 48 քաղաքներում, Երեւանի 12 եւ ԼՂՀ 8 վարչական շրջաններում: 2-րդ փուլն անցկացվել է հունիսի 17-ից մինչեւ հուլիսի 5-ը ՀՀ մարզկենտրոններում, Երեւանում եւ Ստեփանակերտում: 3-րդ եզրափակիչ փուլի մրցումներն անցկացվել են հուլիսի 8-14-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում:
Մրցույթի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է: Եթե 2004-ին առաջին անգամ լավագույն մարզական ընտանիք մրցույթին մասնակցեց 54 ընտանիք, 2012-ի մրցույթի առաջին փուլում մասնակցեց 1475 ընտանիք` 3 տարիքային խմբերում:
“Լավագույն մարզական ընտանիք” մրցույթի բյուջեն կազմել է 69 մլն դրամ, որից 51 մլն դրամը պարգեւատրման ֆոնդն է: Մրցույթի առաջին փուլում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերն զբաղեցրած ընտանիքներն ստացել են համապատասխանաբար 60, 50, եւ 40 հազարական դրամ: 2-րդ փուլում հաղթողներն արաժանացել են պարգեւի համապատասխանաբար 150, 130 եւ 100 հազարական դրամի չափով, ինչպես նաեւ 6 մրցաձեւերում առաջին տեղը գրաված ընտանիքները կստանան 20 հազարական դրամ:
3-րդ եզրափակիչ փուլում հաղթողներն ստացան պատվոգրեր եւ համապատասխանաբար 500, 400 եւ 300 հազարական դրամներ, իսկ 6 մրցաձեւերում 1-ին տեղն զբաղեցրած ընտանիքները` 100 հազարկան դրամներ: Հաղթողներին մրցանակները հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն իր ողջույնի խոսքում կարեւորեց միջոցառումը` առողջ ապրելակերպի զարգացման եւ ընտանքիների ամրության եւ համերաշխության տեսանկյունից:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից 3 տարիքային խմբերի ամենակրտսեր մասնակիցները պարգեւատրվեցին 100 հազարական դրամով:Մրցույթն անցկացվում է հետեւյալ մրցաձեւերում` թենիսի գնդակի նետում, բասկետբոլի գնդակի նետում, պարանի ձգում, 30 մետր խաղային փոխանցումավազք, 80 մետր խաղային փոխանցումավազք, հեռացատկ:
“Լավագույն մարզական ընտանիք” մրցույթում առաջին տարիքային խմբում առաջին տեղն է գրավել Հովակիմյանների ընտանիքն Արարատի մարզից: 1-ին տարիքային խմբում 2-րդ տեղն է զբաղեցրել Աբրահամյանների ընտանիքն Արագածոտնի մարզից, 3-րդ տեղը ` Ջուլհարյանների ընտանիքը Շիրակի մարզից: 2-րդ տարիքային խմբում առաջին տեղն է զբաղեցրել Մարտիրոսյանների ընտանիքը Երեւանից: 2-րդ տարիքային խմբում 2-րդ տեղն է գրավել Ալեքսանյանների ընտանիքը Շիրակի մարզից: 2-րդ տարիքային խմբում 3-րդ տեղն է գրավել Սողոմոնյանների ընտանիքը Վայոց ձորի մարզից: 3-րդ տարիքային խմբում 2-րդ տեղն է զբաղեցրել Եղյանների ընտանիքը Կոտայքի մարզից: 3-րդ տեղն է գրավել Սանթրոսյանների ընտանքիը Երեւանից: Եվ հաղթողը 3-րդ տարիքային խմբում Խաչատրյանների ընտանիքն է Լոռու մարզից: