Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ՌԴ տեղափոխված ծխախոտի թեման դիվանագիտական սկանդալի պատաճառ է դառնում. 168.am
Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանում ինքնաթիռ է կալանավորվել, որով Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ է տեղափոխելիս եղել Աֆղանստան։ 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս միջադեպը սպառնում է վերածվել հայ-ռուսական դիվանագիտական սկանդալի։
Բանն այն է, որ ռուսական կողմը ավելի վաղ խնդրել էր, որ մոսկովյան օդանավակայանից ՀՀ քաղաքացիներին Զվարթնոց տեղափոխող ինքնաթիռները Երևանից Մոսկվա վերադարձնի նաև ՌԴ քաղաքացիներին:
Այսինքն՝ Երևանից Մոսկվա դատարկ թռչող ինքաթիռը, ռուսական կողմի առաջարկով, պետք է հայրենիք վերադարձներ ՌԴ քաղաքացիներին, հատկապես որ չվերթի համար ռուսական կողմը պատրաստ է եղել վճարել:
Բայց ռուսական դիվանագիտական շրջանակների այս առաջարկը կտրականապես մերժվել է: Եվ այսօր պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխելու համար Զվարթնոցից Մոսկվա թռչող ինքնաթիռները ոչ թե դատարկ են եղել, այլև մաքսանենգ ծխախոտ են տեղափոխել Ռուսաստան:
168.am-ի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ «Արթուր անունով մարդ կա, ով զբաղվում է ՀՀ քաղաքացիներին Երևան վերադարձնելու խնդիրներով: Իրականում հենց նա է Հայաստանից ծխախոտի մաքսանենգ խմբաքանակների դիմավորողն ու ցրողը: Համաճարակի այս ողջ ընթացքում բոլոր ինքնաթիռները, որ Արթուրը Երևան է ուղարկել, Մոսկվա են վերադարձել մաքսանենգ ծխախոտի խմբաքանակներով:
Կան հստակ տեղեկություններ, որ այս ամենի հետևում կանգնած են Նիկոլ Փաշինյանի աներձագն ու մերձավորները, որոնք անգամ այս օրերին չեն խորշում սովի շեմին կանգնած երկրում սիգարետի կանտրաբանդայով զբաղվել ու միլիոններ աշխատել, իսկ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակին գերի դարձած ՌԴ քաղաքացիների վրա թքած ունենք:
Իրականում՝ սարսափելի է պատկերացնել այս ամենի հետևանքները, որովհետև ռուսական դիվանագիտական շրջանակներն իրոք վիրավորված, ապշած ու բարկացած են: Սա ուղղակի խայտառակություն է, որի հետևանքները շատ դաժան են լինելու»: