Թիրախում Արցախն ու հայ-ռուսական դաշնակցությունն է․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Թիրախում Արցախն ու հայ-ռուսական դաշնակցությունն է
Գունավոր հեղափոխության նախապատրաստումը Հայաստանում սկսվել է դեռևս 21-րդ դարասկզբին:
Տարիներ շարունակ հայտնի արևմտյան ֆոնդերն ու կենտրոնները ջանացել են իրենց ազդեցությունն ամրապնդել մեր երկրում և տարածաշրջանում` ինչին հասնելու համար միջոցների խտրականություն չի դրվել :
Գործի է գցվել ազգային ինստիտուտների և արժեհամակարգի վարկաբեկման երկարատև եւ ուղղորդված գործընթաց:
Ավանդական արժեքներ, ազգային գաղափարախոսություն, հայ-ռուսական դաշնակցություն, ազգային ինստիտուտներ… այս ամենը քարկոծվել է գունավոր հեղափոխության ջատագովների ու դերակատարների կողմից:
Հսկայական ֆինանսներ են ներդրվել ազգաքանդ արժեքներ սերմանելու , հայկականը ոչնչացնելու նպատակով՝ քաղաքացիական հասարակության, փորձագետների, երբեմն քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների միջոցով:
Այս ամենը արվել է փուլ առ փուլ: Այդ թվում` 5-րդ շարասյան միջոցով` թիրախում ունենալով եկեղեցին, համազգային հաղթանակները՝ թիրախավորելով ամենաթարմ ձեռքբերումը՝ արցախյան հաղթանակը:
Հենց այդ ապազգային ուժերը շրջանառության մեջ դրեցին «ղարաբաղյան կլան», «ղարաբաղցի-հայաստանցի» հակասությունը,«մոնղոլ-թաթարներ» , «սեւ ու սպիտակ» հանցավոր և դավադիր գաղափարներ:
Միաժամանակ 5-րդ շարասյունը նպատակային հակաքարոզ է իրականացնում հայ-ռուսական դաշնակցության, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի դեմ, որին, ի դեպ, ակտիվ մասնակցություն են ունեցել նաև այսօրվա իշխանության որոշ ներկայացուցիչներ:
Իշխանափոխություն-հեղաշրջում օպերացիայից հետո բազմիցս ահազանգել եմ հայ-ռուսական դաշնակցությանը սպառնացող վտանգի և Արցախում ոչ բարենպաստ զարգացումների մասին:
Նշել եմ` անկախ Փաշինյանի պնդումներից, թե 2018-ի ապրիլյան իրադարձությունները զերծ են եղել աշխարհաքաղաքական բաղադրիչից:
Այս հեղաշրջում կոչվածը միանշանակ ունեցել է աշխարհաքաղաքական բաղադրիչ և դրա գինը կարող է լինել հայ-ռուսական դաշնակցության թուլացումն ու հակահայկական զարգացումները Արցախյան բանակցություններում:
Հիշենք թեկուզ Բոլթոնի հայտնի հատարարությունը «ազգային կաղապարներից» հրաժարվելու վերաբերալ, իսկ որո՞նք են այդ ազգային գաղափարները:
Հայկական ընտանի՞ք, ազգային եկեղեցի՞, ցեղասպանության միջազգային ճանաչու՞մ, Արցախի անկախության միջազգային ճանաչու՞մ, ինչու չէ՞ նաև հայ ռուսական դաշնակցություն:
Ի՞նչ ունենք այսօր.
Փաշինյանի իշխանությունը մսխել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային ու վստահելի բովանդակությունը, հարվածել է ՀԱՊԿ-ի հեղինակությանը և շարունակում է շահել-պահել հայ-ռուսական դաշնակցությանը բացահայտ դեմ արտահայտվող իշխանավորներին:
Չնայած Փաշինյանի պնդումներին, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, փաստն այն է, որ ոչ տնտեսական,ոչ քաղաքական դաշնակցային օրակարգ գոյություն չունի:
Գազի էժանացում խոստացող Փաշինյանի իշխանությունը նույնիսկ չի կարողանում այդ հարցը քննարկել իր ռուսաստանցի գործընկերների
հետ և դա սպասելի էր, քանի որ անպատասխանատու հայտարարությունները՝ ապրիլյան պատերազմում Ռուսաստանի դավադրության, ԵԱՏՄ շանտաժով մտնելու, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի, Լավրովին ադապտացվելու մասին կոչերը անպատասխան դժվար թե մնային:
Նույն քանդելու քաղաքականությունը քայլողների իշխանությունը իրականացրել է արցախյան կարգավորման գործընթացում` հրաժարվելով մեզ համար ձեռնտու Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:
Փոխարենը հրապարակ է բերվել Ալիևին «կիրթ և նորմալ » համարելու, Ադրբեջանին ձեռնտու լուծում գտնելու հայեցակարգը:
Արդյունքում պոպուլիստների իշխանությունը՝ անկարող լինելով լուծման ուղիներ գտնել, իրեն հատուկ ոճով մեղավորներ կկարգի:
Ամենայն հավանականությամբ քայլողների իշխանությունը հերթական անգամ մեղավոր կկարգի նախկիններիս, իսկ գրանտակերները ( չեմ բացառում՝ նաև իշխանության պասով) մեղավոր կկարգեն դաշնակից Ռուսաստանին՝ ի դեմս Լավրովի:
Ակնհայտ է, որ արդեն իսկ հարձակվում են ազգային ինստիտուտների և ուժերի վրա, զուգահեռ սորոսական գրանտակերները շարունակում են դատափետել հայ-ռուսական դաշնակցությունը:
Եկել է թացը չորից տարբերելու պահը:
No pasaran ,տիկնայք և պարոնայք: