“Արմավիայի” թանկ տոմսերի պատճառով սփյուռքահայ երիտասարդները չեն կարողանում գալ Հայաստան
ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանն այսօր` հուիսի 14-ին կայացած մամլո ասուլիսին հայտնեց, որ սփյուռքահայ երիտասարդների հետ ունեցած իրենց հանդիպումից հետո պարզ է դարձել, որ “Արմավիայի” առաջարկած տոմսերի գինը շատ թանկ է, ինչի պատճառով էլ սփյուռքահայ երիտասարդները չեն կարողանում գալ Հայաստան:
Նրա խոսքով` իրենք արդեն դիմել են տրանսպորտի եւ կապի նախարարություն եւ գուցե լինի այլընտրանքային տարբերակ խնդիրը լուծելու համար:
Մեկ շաբաթ առաջ Հայաստան ժամանած սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Հարութ Փալուլյանը հաստատեց Հռիփսիմե Մարգարյանի խոսքերը` ներկայացնելով, թե ինչ դժվարությունների արդյունքում է հասել Հայաստան: “Եղբայրս կարողացավ այստեղից տոմս գնել եւ ուղարկել, այլապես ես չէի կարողանա գալ: Տոմսի արժեքը 470 դոլար էր”,-խոստովանեց Փալուլյանը` հավելելով, որ սիրիական ավիաուղիների առաջարկած տոմսերի արժեքը մոտ 120 դոլարով ավելի էժան է, սակայն մինչեւ սեպտեմբեր բոլոր տոմսերը գնված են:
Հարութը Հայաստանում 10 տարի բնակվելու իրավունք ունի, ու թեեւ երկկողմանի տոմսով է ժամանել Հայաստան, Հալեպ վերադառնալու տոմսն արդեն մի կողմ է դրել եւ չի պատրաստվում վերադառնալ Սիրիա: