23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերահաստատում ենք մեր հանձնառությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։

«Այս տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության բարեկամների հետ միասին հանդիսավոր կերպով կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին:Հայ ժողովրդին ամբողջովին բնաջնջելու և հայրենազրկելու մտադրությամբ իրականացված այս զարհուրելի հանցանքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այն այսօր էլ շարունակում է իր ազդեցությունը թողնել հայ ժողովրդի անվտանգության վրա:

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը և արդարացումը, Հայաստանի ցամաքային շրջափակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում ընդգծված հակահայկական դիրքորոշմամբ հանդես գալը անվտանգության սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության և Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար:

105 տարի առաջ հայ ժողովուրդը, չնայած տրված անվտանգության միջազգային երաշխիքներին և խոստումներին, միայնակ և անպաշտպան հայտնվեց այս ոճրագործության և խոցելի՝ ոճրագործների դաժան վայրագությունների առջև: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ ժողովուրդը, ի հեճուկս բոլոր դժվարությունների, վերապրեց: Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը ոչ միայն կարողացավ աշխարհի տարբեր անկյուններում պահպանել և զարգացնել իր ազգային ինքնությունը, այլև ուժ գտավ վերականգնելու և վերանվաճելու հայոց պետականությունը: Այդ ժամանակից ի վեր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության ապահովումը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաքելությունը և պարտավորությունը:

 

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար տասնամյակներ մղված պայքարը ցույց տվեց, որ ոչ մի ուժ ունակ չէ հաղթելու պատմական արդարությանը և ճշմարտությանը: Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնումը դրա լավագույն ապացույցն է: Հատկապես կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների շարքերը համալրեցին նրանք, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել ցեղասպանության զոհերին փրկելու և իրենց երկրներում ապաստան տալու գործում:

Անցյալի ճանաչումը էական է ներկայի և ապագայի համար. այն զսպող ուժ է աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման համար:

Ճշմարտության ճանաչումը և անցյալի ոգեկոչումը կարևոր նախադրյալներ են արդարության պահպանման, մարդկային արժանապատվության, անպատժելիության դեմ պայքարի և միջազգային համերաշխության շուրջ միավորվելու համար:

Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ