23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ժամանակն է գործել որպես իշխանություն. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում «Ժամանակն է գործել որպես իշխանություն» վերտառությամբ գրառում է կատարել։ Նա մասնավորապես նշել է, որ ընդդիմությունն օր առաջ պետք է ստանձնի իշխանության պարտականությունները և ձեռնամուխ լինի պետական կարգն ամրացնող ու առողջացնող ծրագրերի մշակմանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Ժամանակն է գործել որպես իշխանություն

Ծայրահեղական ընդդիմությունը լրջագույն խնդիր է ցանկացած պետության համար, իսկ եթե այն փաթեթավորվում է պոպուլիզմի գայթակղիչ գունավորմամբ, ապա դառնում է պատուհաս պետական և հասարակական կարգի համար։

Ուժեղ պետականության և կառավարման կայացած ավանդույթներ ունեցող, ինչպես նաև ինքնաբավ հասարակություն ունեցող պետությունների պարագայում սոլիդ, հավասարակշռված և պրոֆեսիոնալ իշխանության առկայության պայմաններում այս խնդիրը չեզոքացվում է՝ թողնելով պոպուլիստ ծայրահեղականներին իրենց աջակցող մարգինալ խմբերի տիրությում։

Սակայն իրավիճակը վտանգավոր է դառնում, երբ մարգինալ փոքրամասնություններին հաջողվում է ինքնակազմակերպվել, գտնել նյութական և տեղեկատվական ռեսուրսներ, արտաքին ուժեղ և հարուստ գործընկերներ։ Նրանք արագ գտնում են իրենց պոպուլիստ առաջնորդներին, միավորվում նրա շուրջ, ատելության թույնով վարակում հասարակության առավել խելամիտ շերտերին և տապալում պետական կարգը։

Այս գործընթացում չափազանց մեծ է նաև իշխանության մեղավորությունը, որը, գտնվելով ինքնաբավության նիրվանայի մեջ և ընկղմված լինելով հասարակական բարիքի ներքին բաշխման աճուրդի մեջ, կորցնում է զգոնությունը, անտեսում մարգինալների և պոպուլիստների կողմից հասարակության լայն շերտերին նետված ատելության թունավոր կերը և ինչ որ պահի կորցնում է իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը։

Պետական կարգի իրական փորձությունը սկսվում է ծայրահեղական պոպուլիստների իշխանության գլխին հայտնվելուց հետո, երբ պայքարը տեղափոխվում է ռացիոնալիզմի և պոպուլիզմի հարթություն, որտեղ ռացիոնալ դիրքերից հանդես են գալիս ընդդիմադիր ուժերը, իսկ ծայրահեղական և պոպուլիստական դիրքերից՝ իշխանությունը։

Սա հիրավի անբնական, էքստրաօրդինար իրավիճակ է, որը քաղաքագիտության մեջ կոչվում է քաղաքական համակարգի ճգնաժամ։ Այսպիսի իրավիճակներում ելակետն ու կանխավարկածը խելամտությունից և ռացիոնալիզմից վերածվում է խելագարության և պատեհապաշտության կանխավարկածի, ինչի պայմաններում հնարավոր չի լինում կանխատեսել իշխանության քայլերի հաջորդականությունը, տրամաբանությունը, մոտիվն ու նպատակը։

Խեղված իրողությունների պայմաններում ներքին կայունության և համերաշխության միջավայրի պահպանման հիմնական բեռը բաժին է ընկնում ընդդիմությանը, որը, առաջնորդվելով ռացիոնալիզմով և խելամտության բնական կանոններով, պետք է չտրվի իշխանության սադրանքներին, այլ զսպի և հակազդի ծայրահեղական իշխանության նկրտումները, քաղաքական և հասարակական գործընթացները պահի կանխատեսելի միջավայրում, մերժի իշխանության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված կեղծ, ագրեսիվ և վտանգավոր օրակարգերի քննարկումը, լեգիտիմացնումն ու էլ ավելի հանրայինացումը։

Ծայրահեղականությունն ու պոպուլիզմը երկար չեն ապրում, քանի որ իշխանության գալուց հետո, զրկվում են թշնամությունն ու ատելությունը սնուցելու և տարածելու կենարար աղբյուրներից, իսկ ընդդիմության գրագետ և կշռադատված վարքագծից ուղղակի ինքնազինաթափվում և ոչնչանում են։

Պոպուլիստին հակացուցված է իշխանությունը հենց իր շահերից ելնելով, քանի որ նա սովոր չէ աշխատել, արարել, ստեղծագործել, կառուցել և զարգացնել։ Հետևաբար նրան պետք է թողել մենակ և նա կսպանի ինքն իրեն։ Ցանկացած քննադատություն և մեղադրանք նրան նոր ուժ և էներգիայիա է տալիս, ինչը նա վարպետորեն կարողանում է փոխակերպել իր կենսունակությունն ապահովող էներգիայի։

Հետևաբար, ընդդիմությունն օր առաջ պետք է ստանձնի իշխանության պարտականությունները և ձեռնամուխ լինի պետական կարգն ամրացնող ու առողջացնող ծրագրերի, ռազմավարությունների և հայեցակարգերի մշակմանը, իսկ այդ գործընթացի հիմնաքարը հանդիսանում է նոր սահմանադրությանը։

Մեր երիտասարդ պետականության հիմնական խնդիրները ի հայտ են գալու պոպուլիզմի և ռադիկալիզմի ոչնչացումից հետո, երբ մենք կգիտակցենք, որ տարված լինելով պոպուլիստ «ծեծելու» հաճելի գործով, բաց ենք թողել իսկական պատերազմին պատրաստվելու իրական պահը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ