23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ահա թե որտեղ է պետք փնտրել «մեծ հիասթափության» պատճառը․ 168.am

168.am-ը գրում է․ ««Խորքային առումով Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն, որովհետև փայի բաժանում տեղի չի ունենում: Մաֆիոզ մտածողությունը մեր իրականության մեջ շատ մեծ է: Հիասթափված են բոլորը, նրանք՝ ովքեր հույս ունեին փայ ստանալ, նրանք, ովքեր ուզում էին մեծացնել իրենց փայը կամ վերցնել ուրիշի փայը»,- ահա թե ինչով է Հայաստանում օրեցօր խորացող հիասթափության ալիքը բացատրում Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի ասածների մեջ գուցե ճշմարտություն կա, բայց եթե նույնիսկ այդպես է, ապա դրա դերը շատ չնչին է։ Դա չէ հիասթափությունների իրական պատճառը։ Մարդիկ հիասթափված են հեղափոխության արդյունքներից։

Հասարակությունը չստացավ այն, ինչին սպասում էր։ Եվ դրա մեղավորն իշխանություններն են։ Ոչ ամենևին այն պատճառով, որ Հայաստանում «թավիշը» շատ է, այլ այն պատճառով, որ անկարող գտնվեցին լուծել երկրի առաջ կանգնած խնդիրները։

Ժողովուրդն արդարացիորեն սպասում էր, որ կիրականանան իշխանափոխության օրերին և դրան հաջորդող շրջանում իրեն տրված խոստումները։ Դրանք ոգեշնչել էին շատերին և դուրս բերել փողոց։ Բայց չեղավ այն, ինչ ակնկալվում էր։

Մարդիկ հեղափոխություն էին անում, որպեսզի բարեկեցիկ կյանքով ապրեին։ Այնինչ, ստացվեց հակառակը. 2 տարի հետո էլ շատերը տեսնում են, որ իրենց կենցաղում բան չի փոխվել։ Հիմա նույնիսկ ավելի վատ են սկսել ապրել, քան ապրում էին ժողովրդի կողմից այդքան չսիրված իշխանությունների օրոք։

Դա չէր կարող հիասթափություն չառաջացնել։ Զարմանալի չէ, որ հասարակության շրջանում գնալով ավելանում են դժգոհությունները իշխանություններից։

Ժողովրդի և իշխանության միջև անջրպետը խորացել է ու շարունակում է խորանալ։ Ինչքան էլ վարչապետը փորձի տպավորություն ստեղծել, որ իշխանությունը ժողովրդի ծառան է, կյանքն այլ բան է ցույց տալիս։

Համատարած աղքատության ֆոնին՝ «ժողովրդի իշխանությունը» կարող է իրեն մեծ ճոխություններ թույլ տալ ու համարել, որ այդպես էլ պիտի լիներ։

Պաշտոնյաների աշխատավարձերը կարող են կրկնապատկել, երբ շատերն օրվա հացի խնդիր ունեն, աշխատելու և արժանապատիվ ապրելու տարրական հնարավորություններից զրկված են, երբ հարյուր-հազարավոր մարդիկ աղքատ են, երբ հասարակության սոցիալական խոցելի խմբերի եկամուտները շատ ցածր են, երբ իշխանափոխությանը հաջորդած միայն երրորդ տարում կառավարությունը կարողացավ բյուջեում գումար գտնել՝ կենսաթոշակները հազիվ մի քանի հազար դրամով բարձրացնելու համար։ Համատարած աղքատության ֆոնին, ժողովրդի հոգսն իրենը համարող վարչապետը կարող է միլիոններ ծախսել շքեղ ծառայողական ավտոմեքենաներ գնելու, կառավարական առանձնատունը վերանորոգելու, արտասահմանյան թանկարժեք այցեր կատարելու, պետական միջոցներն իր հայեցողությամբ տնօրինելու համար։

Նախկին իշխանությունների թույլ տված ճոխություններից բողոքող Նիկոլ Փաշինյանին, իշխանության գալուց հետո, պարզվում է, հարիր չէ ապրել մի տանը, որտեղ նախկինում ապրել է երկրի նախագահը։ Ու դրա համար նա կարող է միլիոներ ծախսել, որպեսզի վերանորոգի ոչ վաղ անցյալում վերանորոգված առանձնատունը։

Եթե չլիներ բարձրացված աղմուկը, ապա հավանաբար վարչապետն իրեն չէր զրկի նաև նոր օդանավ գնելու հաճույքից։ Դրա համար կառավարությունը պատրաստվում էր մի քանի տասնյակ միլիոն դոլար ծախսել։

Ժողովրդին ծառայելու եկած իշխանությունը ժողովրդի մասին շատ շուտ մոռացավ։ Խոստացած սոցիալական ու տնտեսական բարեփոխումներն այդպես էլ տեղի չունեցան։ Իշխանությունների հայտարարած հեղափոխական նախաձեռնությունները մնացին կեսճանապարհին։

Երբ դեռ Նիկոլ Փաշինյանը նոր էր սկսել իր քայլարշավը՝ ճանապարհին փակում էր «Սաշիկի կամերաները»։ Մինչ այդ էլ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր, թե պետք է հրաժարվել մարդկանց թալանող այդ արատավոր համակարգից։ Իշխանափոխությունից հետո կամերաները ոչ միայն չհանվեցին, այլև մի բան էլ շատացան։ Պարզվեց նաև, որ դրանք երբեք էլ Սաշիկինը չեն եղել։

Վաղուց արդեն իշխանությունը մոռացել է տեսանկարահանող սարքերը հանելու խոստման մասին։

Երբ վերջին շրջանում իշխանություններից հիասթափության ալիքը սկսեց ակտիվանալ՝ հանկարծ հիշեցին, այսպես կոչված, կարմիր գծերի մասին։ 2 տարի շարունակ դրա մասին չէին էլ ուզում լսել։ Երևանի քաղաքապետը, ով նախկինում ակտիվորեն պայքարում էր նման երևույթների դեմ՝ մի բան էլ դժգոհում էր, թե այդ դեպքում ինչո՞վ պիտի մանկապարտեզ կամ դպրոց կառուցեն։ Հիմա հանկարծ հիշեցին կարմիր գծերի մասին։ Ու, ինչպես սովորաբար լինում է, մի կիսատ-պռատ նախագիծ են ներկայացրել, որը գրեթե խնդիր չի լուծում, բայց տպավորությունը մեծ է։

«Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ, 12 վարչական շրջաններից կարմիր գծեր կմնա միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում»,- դեռ օրենքի նախագիծը չընդունված՝ շտապեցին հայտարարել Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորները։

Եթե նույնիսկ համարենք, որ այն ընդունվելու է, ապա, միևնույն է, դրանով մեծ խնդիր չի լուծվելու. հայտնի է, որ կարմիր գծերն առանց այդ էլ՝ հիմնականում Կենտրոնում են ու Արաբկիրում, տեղ-տեղ՝ նաև մյուս համայնքներում, բայց դրանց ընդգրկումը մեծ չէ։ Ու եթե անգամ այդ համայնքներում կարմիր գծերը հանվելու են, մեկ է, շատ բան չի փոխվելու։

Իշխանություններն այդպես էլ չկարողացան հասկանալ, որ հասարակությունն իրենցից ոչ թե ձևական, այլ իրական և առարկայական փոփոխություններ է ուզում։ Մարդիկ հիասթափվում են, երբ հայտարարվող «աննախադեպ» տնտեսական աճերի ու զարգացումների ազդեցությունները չեն զգում իրենց վրա, չեն տեսնում իրենց շրջապատում։ Ամենուրեք նույն վիճակն է, ու մարդկանց կյանքում փոփոխություններ չկան։ Աճերը միայն թղթի վրա են կամ իշխանության էլիտայի գրպանում։

Հավանաբար հիշում եք, թե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում հանրային ծառայությունների սակագների վերաբերյալ. սպառողները շատ են վճարում, որովհետև համակարգը կոռումպացված է, սակագները չհիմնավորված բարձր են, իշխանությունները թալանում են ժողովրդին։ Երբ ինքը գա իշխանության, կվերացնի թալանն ու գողությունը, կիջեցնի սակագները։ Մարդիկ հավատացին ու գնացին նրա հետևից։ Բայց թե ինչ եղավ հետո, հայտնի է։ Հանրային ծառայությունների սակագները ոչ միայն չնվազեցին, այլևս՝ ի հեճուկս իշխանությունների խոստումների, առաջիկայում կարող են կտրուկ կբարձրանալ։

Զարմանալի չէ, որ այսքանից հետո մարդիկ հիասթափվում են իշխանություններից։ Եթե դրա համար պատճառներ կան, ապա պետք է փնտրել իշխանության ներսում, և ոչ թե՝ հասարակության մեջ։ Թե չէ ստացվում է՝ 2 տարի է՝ իշխանությունը փոխվել է, կառավարության ղեկավարը տիրապետում է բոլոր հնարավոր լծակներին՝ երկրում բարեփոխումներ անելու, պետական կառավարման համակարգը օպտիմալացնելու և բանիմաց կադրերով համալրելու, մարդկանց կյանքը բարելավելու, աշխատանքի պայմաններ ապահովելու, սոցիալական խնդիրները լուծելու համար, բայց չի կարողանում անել, ու մեղավորը կրկին նախկիններն են»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ